ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան


ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, որոնցից շատերն ինձ սիրում են իմ խառնվածքի և երբեմն՝ անհարկի համարձակության համար. Աղազարյան
Նոյեմբեր 20 14:11 2024

«Այո՛, երեկ ՔՊ վարչության նիստին մասնակցել եմ, վարչությունն ինձ հրավիրել էր լսումների հետ կապված պարզաբանումներ տալու: Ես մասնակցել եմ նիստի այդ հատվածին, իմ գործընկերները ինձ միջադեպի հետ կապված բազմաթիվ հարցեր են տվել՝ պարզաբանելու այս կամ այն դրվագը», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա ավելացրեց, որ դրանից հետո դուրս է եկել  վարչությունից, քանի որ վարչության անդամ չէ և չգիտի, թե ինչ որոշում են կայացրել:

«Ոչ մի դժգոհություն չունեին, բոլորն էլ շատ սիրալիր ճշտում էին, թե, օրինակի համար, ինչպես եղավ, որ պարոն Քյարամյանին դիմեցի «արա» բառով, ինչով էր պայմանավորված Քյարամյանի ասածը, որ ես իմ որդու շահերն եմ պաշտպանում: Նմանատիպ հարցեր»,- ասաց նա:

Պատգամավորը նաև ավելացրեց, որ իր օրակարգում պատգամավորական մանդատը դնելու հարցը չկա.

«Երբ նման պահանջ դրվի իմ առջև, այդ ժամանակ կմտածեմ: Եթե պարոն Քյարամյանը հրապարակավ անուններ տա և հիմնավորի, որ այդ մարդիկ իմ անունից դիմել են իրեն խնդրանքով՝ իմ որդու մասնակցությամբ քրեական գործի շրջանակներում, ապա ես կդնեմ մանդատս: Ես դա հայտարարել եմ: Իսկ եթե չհայտարարի, ուրեմն մանդատս վայր դնելու պատճառ չկա։

ՔՊ վարչությունում իմ ընկերներն են, ովքեր ինձ սիրում են իմ խառնվածքի համար, երբեմն՝ նաև անհարկի համարձակության»: