Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան


Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին․ Տիգրան Ավինյան
Նոյեմբեր 18 10:34 2024

Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողության մակարդակը մանկապարտեզներին մատակարվող սննդի վերաբերյալ, գործակարգավորական նիստի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բացի այն, որ մենք ինտենսիվորեն իրականացնում ենք մեր բոլոր մանկապարտեզների հիմնանորոգում և վերանորոգում, մեզ համար շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։

Բոլոր մատակարարներին ուզում եմ տեղեկացնել, ովքեր տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել են, այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ այլևս չեն կարող ընդունվել մեր կողմից»,-ասաց քաղաքապետը։

Նա նշեց, թե ուզում է զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, որոնք որոշում են կայացնում Երևանի քաղաքապետարանի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ քաղաքապետարանն իր պահանջներում էականորեն ավելի խիստ է։

«Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներին։ Ուղղակի անթույլատրելի է, որ մեր երեխաներին նմանատիպ սնունդ մատակարարվի»,-ասաց Տիգրան Ավինյանը։