COP29-ին զգացվում էր աշխարհի զգուշավորությունը, և, կարծես յուրաքանչյուր երկիր սպասում էր մյուսի արձագանքին։ Բաքուն փորձում է ցույց տալ, թե հզոր միջոցառումներ են տեղի ունենում, սակայն առավելապես թյուրքական ցեղախմբերի ղեկավարներ ենք տեսնում, մյուս երկրներն էլ զգուշավոր հայտարարություններ են կատարում։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Բանախոսը նշում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը անընդհատ հետաձգելը Ադրբեջանի համար լավագույն տարբերակն է։ Եվ, երբ խոսում է պատճառների մասին՝ հայկական կողմը սկսում է ուղղել այդ պատճառները։ Սա երկուստեք քննարկումներ չեն։ Ադրբեջանը ձգձգում է՝ նոր զիջումներ ստանալու համար, հայկական իշխանությունները՝ իրենց պաշտոնավարումը երկարաձգելու։
Ըստ փորձագետի, Ն․ Փաշինյանը վստահելի և կայուն գործընկեր չէ միջազգային դերակատարների համար։ Նա նաև վստահելի գործընկեր չէ հենց թշնամու համար։ Ն․ Փաշինյանը որևէ առումով ադեկվատ չէ։ Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս՝ Ն․ Փաշինյանը այն կարդալու հնարավորություն չի ունեցել։ Պետք է ենթադրել, որ այս իշխանություններով Հայաստանը կայուն և անվտանգ օրեր չեն ունենալու։
«Արցախի բռնազավթումից հետո տեղահանված հայերի նկատմամբ ցնցող էր այս իշխանությունների թշնամական վերաբերմունքը՝ պայմանավորված կեղծ քաղաքացիության պարտադրանքի հետ։ Սա քաղաքական նպատակ ուներ, հորինվեց նաև կեղծ բնակարանային ծրագիր, սոցիալական ծրագրերը միֆ են։ Բնակարանային ծրագիրը չի գործում, իսկ քաղաքացիության պահանջը իրատեսական չէ, քանի որ այդ պարագայում մարդիկ Արցախի մասով իրենց իրավունքներից չեն կարող խոսել։ Չկա արցախի քաղաքացի՝ չկա պահանջ։ Արցախը պետք է վերադարձնել հային և Արցախ վերադառնալու է հայը։ Արցախի ազատագրումը մեր հավաքական հաղթանակն է։ Արցախցիների մասին տվյալները որևէ մեկը չի ոչնչացրել և չի կարող ոչնչացնել, ուստի ազգային իշխանության պարագայում այդ խնդիրը միանշանակ լուծվելու է»,- ասել է Մ․ Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։