Փոխվարչապետ Խաչատրյանը ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ տնօրենի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները


Փոխվարչապետ Խաչատրյանը ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ տնօրենի հետ քննարկել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Նոյեմբեր 14 17:16 2024

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն:

Ֆալչեթին փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծով սահմանվող հիմնական առաջնահերթությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցումը խթանելու նպատակով կայուն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցությանը: