«Գինի լից» երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է. Փաշինյան


«Գինի լից» երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է. Փաշինյան
Նոյեմբեր 14 13:11 2024

«Գինի լից» երգի կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն` այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բոյւջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանուն արդարության պետք է ասել, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ, և բացի այդ, այսօրվա կամավորը, «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում հենց կամավորության համար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։

Իսկ ընդդիմության ներկայացուցիչը փորձում է հակադարձել, թե ի՞նչ եք գովում օրենքով սահմանված հարկերը վճարողին։ Չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է վճարել հարկերը։ Իսկ հարգելի գործընկերներ, ի՞նչ է, Սահմանադրության մեջ գրված չէ՞ որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մասնակցել ՀՀ պաշտպանությանը, գրված է, գրված է Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասում»,- ասաց նա:

Վարչապետը հարց բարձրացրեց՝ արդյոք հերոսություն է երկրի պաշտպանությանը մասնակցելը և պատասխանեց՝ իհարկե, հերոսություն է։

«Հարցն այլ տեղ է, բա եթե զինվորը սնունդ չունենա, պաշտպանության միջոց չունենա, զենք չունենա, հագուստ չունենա, տրանսպորտային միջոց չունենա, գրագետ սպա չունենա, կապի միջոց չունենա, ինժեներական կահավորում չունենա, ինչպե՞ս պաշտպանի երկիրը և ինչպե՞ս հերոսություն անի, կարո՞ղ է նա հերոսություն անել առանց այս ամեն ինչի. մեծ հաշվով բացառված է, կամ կլինեն բացառություններ, որոնք կհաստատեն օրինաչափությունը, չի կարող. մանավանդ այսօրվա տեխնոլոգիական դարում»,- ասաց նա:

Փաշինյանը նաև անդրադարձավ պայմանագրային զինծառայողին: «Եթե պատշաճ աշխատավարձ ու սոցիալական երաշխիքների համակարգ չունենաս, ո՞վ կգնա պայմանագրային զինծառայության, և եթե նույնիսկ գնա, ի՞նչ պայմանագրային զինծառայության ի վիճակի և պատրաստ կլինի։ Ընդ որում, այս ամենը, ինչ ասում եմ, չեմ ասումտեսականորեն, այս բոլոր խոսքերը, ինչպես ասում են, կյանքից են վերցրած, սեփական աչքերով եմ տեսել։ Իսկ այս ամենը ապահովելու համար անհրաժեշտ են պետական եկամուտներ, որն ապահովում է աշխատող, արդյունք ստեղծող, օրինական հարկերը վճարող քաղաքացին»,- շեշտեց նա։

Փաշինյանի խոսքով՝ առանց այդ քաղաքացու ո՛չ պետություն կարող է լինել, ո՛չ էլ հերոսություն։ «Հետևաբար նույնիսկ չեմ պնդում, որովհետև այնքան ակնհայտ է, որ մեր պետության, եթե խոսում ենք պետության մասին, թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին է։ Ու սա չեմ ասում որևէ մի ծառայություն նսեմացնելու համար։ Պարզապես ուզում եմ ի վերջո արձանագրենք և ժողովրդին էլ ցույց տանք, թե պետությունն ինչ է և ինչպես է աշխատում»,- ընդգծեց նա: