Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան


Բողոքում են, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև ուզում են՝ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն. Ռուբեն Ռուբինյան
Նոյեմբեր 14 11:18 2024

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, թե Հայ հեղափոխական դաշնակցությունը բողոքում է, որ վարչապետը, ԱԺ նախագահը թիկնապահներ ունեն, որովհետև «ուզում են, որ հաջորդ մահափորձն ավելի հեշտ իրականացնեն»։

«Միակ տրամաբանական բացատրությունը սա է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ռուբինյանը։

Նա հիշեցրեց նախկինում տեղի ունեցած մահափորձերի մասին, որոնք, նրա խոսքով, կատարել էին նախկին դաշնակցականներ։

«Աղվան Վարդանյանը կվկայի՝ դաշնակցականը մեկ-մեկ նախկին չի լինում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա ասաց, թե ՀՅԴ-ն, միևնույն ժամանակ, չի բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանն էլ թիկնապահ ունի։

«Ինչո՞ւ, սիրելի գործընկերներ, չեք գնում ու ձեր քաղաքական ղեկավարին ասում՝ «պարոն Քոչարյան, եկեք դուք, ամեն դեպքում, մի ունեցեք թիկնապահ, մարդ ես, կարող է մեկիս տա, անդազահան անի»։ Սա նրա համար եմ ասում, որ դուք դեմագոգիայում էլ տաղանդ չունեք»,- նշեց Ռուբինյանը։