Աշխատողների իրավունքների պաշտպանությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կարևոր գործառույթներից է, և այս ուղղությամբ տարբեր աշխատանքներ են տարվում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից Աշխատանքային օրենսգրքի շուրջ 40 տոկոսը փոփոխվել է. «Մեր կարևոր ինստիտուտներից է վեճերի լուծման արտադատական համակարգը, որը կթեթևացնի աշխատանքային վեճերի մասով դատարանների ծանրաբեռնվածությունը: Մենք մեր տարբեր երկրների գործընկերների հետ որոշակի վերլուծություններ ունենք այս ուղղությամբ: Նախագծի մեծ մասն արդեն պատրաստ է՝ մշակել, քննարկել ենք: Ուզում եմ ասել, որ այս տարիների ընթացքում պարապ չենք նստել: Հայաստանում երբեք նման ինստիտուտ չենք ունեցել, դա նոր է: Առաջիկայում արդեն կկարողնանք ավելի նյութական խոսել դրա մասին»: