ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը


ՄԻՊ-ը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը
Նոյեմբեր 12 10:52 2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:

Պաշտպանը հյուրին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտները։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, Պաշտպանն անդրադարձել է ընտանեկան, գենդերային հիմքով բռնության կանխարգելմանը և Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ աշխատանքների կարևորությանը:

Իր հերթին դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։