«Հետք»-ը գրել է․
«2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։
«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։
2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։
Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։
Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։
«Նոյավան» ՍՊԸ-ից բացի, Գարիկ Սարգսյանի մորեղբայրը բաժնեմասեր ունի ևս 3 ընկերություններում։ «Աշմանգրիգ» ՍՊԸ-ում նա ունի 41% բաժնեմաս, «Ռեգնում» ՍՊԸ-ում՝ 33%, իսկ «Նոյ էներջի» ՍՊԸ-ում՝ 25%։
Վեդու համայնքապետարանի հետ «Նոյավան» ՍՊԸ-ն մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին։ Ընկերությունը 109 մլն դրամով պետք է գազիֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդի քաղաքի փողոցներում։ Այդ աշխատանքները կատարվել են Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 49 մլն 50 հազար դրամ, համայնքի բյուջեից՝ 59 մլն 950 հազար դրամ։
Վեդու համայնքապետարանից հարցրել էինք, թե ինչպես է ստացվել, որ գազիֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որը զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում։ Համայնքապետարանից պատասխանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Կառավարության համապատասխան որոշման համաձայն։ «Տվյալ դեպքում աշխատանքներն իրականացվել են տվյալ ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող «Թիամատ» ՍՊԸ-ի հետ համատեղ՝ համատեղ գործունեության պայմանագրի հիման վրա»,- ասված էր համայնքապետարանի պատասխանում։
«Նոյավան» ՍՊԸ-ի սեփականատեր Գրիգոր Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչպես է իր ընկերությունը, որ զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով, հաղթել գազիֆիկացման և ջրագծի կառուցման մրցույթներում։ Մանուկյանը պատասխանեց, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում նույնպես իրականացրել են նմանատիպ աշխատանքներ։
Հարցին՝ արդյոք Գարիկ Սարգսյանի հետ ազգակցական կապն է օգնել հաղթել մրցույթներում, Մանուկյանը պատասխանեց. «Եթե այդ հանգամանքն ազդեցություն ունենար, մյուս մրցույթներում էլ կհաղթեինք, որոնց մասնակցում ենք»։ Ապա հավելեց, որ շահերի բախում այստեղ չի տեսնում»։