Արշակ Կարապետյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին


Արշակ Կարապետյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
Նոյեմբեր 8 13:49 2024

Համահայկական Ճակատ Շարժման առաջնորրդ, Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին․

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՃՇ-ի և անհետ կորածների, բռնի առևանգվածների ու գերիների ընտանիքների անունից կառավարությանն է հանձնվել նամակ Նիկոլ Փաշինյանի անունով։ Նամակը մուտքագրվել է ֆիզիկական անձ Ռուզաննա Ստեփանյանի անունից։ Տեղեկացնում ենք ձեզ , որ Ռուզաննա Ստեփանյանը ՀՃՇ անդամ է։ Նամակին առարկայական պատասխանելու փոխարեն մենք գրություն ենք ստացել այն մասին, որ այն վերահասցեագրվել է ԱԳՆ-ին և ԱԱԾ-ին, որոնք մատնված են անգործության, և որևէ հասցեական գործունեություն չեն ծավալում այդ խնդրի լուծման ուղղությամբ, որի ամենամեծ ապացույցը արդյունքների բացակայությունն է:

 

Համահայկական Ճակատ Շարժումը բավարարված չլինելով ինչպես կառավարության, այնպես էլ նրա առանձին ստորաբաժանումների գործունեությունից, կրկին ձեզ է հասցեագրում մի քանի պահանջներ, որոնք դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար պարտավոր եք իրականացնել՝ պաշտպանելու ձեր իսկ գործունեության հետևանքով գերության և պատանդառության մեջ գտնվող անձնաց օրինական իրավունքնեորի պաշտպանության համար:

Եվ այսպես․

 

1․ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ և հրապարակային քայլեր չի ձեռնարկում միջազգային հարթակներում՝ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը բարձրացնելու և նրանց վերադարձի հարցը լուծելու ուղղությամբ․

 

2. Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական բանակցություններ չի վարում Ադրբեջանի իշխանությունների հետ գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը լուծելու համար: Այն բացատրությունը, թե այդ բանակցությունները վարվում են գաղտնիության պայմաններում, և դրանց ընթացքը հրապարակման ենթակա չէ, կարող է համոզիչ լինել, եթե դրանք արդյունք ունենային, մինչդեռ հիմա արդեն պարզ է, որ դա հարցը քնեցնելու պարզագույն հնարք է:

 

3.Ինչպե՞ս եք վերաբերվում Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին և բռնի առևանգվածներին: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ անձամբ դուք և ձեր իշխանությունը ոչ միայն շահագրգռված չեք այդ անձնաց ազատ արձակման հարցում, այլ ընդհակառակը, ի դեմս նրանց, տեսնում եք հնարավոր քաղաքական մրացկիցների, և նույնիսկ հակառակորդների, ովքեր կարող են ազատության պայմաններում բացահայտել ձեր իշխանության հակազգային դիմագիծը: Որոշ հիմնավոր կասկածները փարատելու համար գուցե ասեք, թե 2023 թվականի դեկտեմբերի 13-ից հետո կոնկրետ ինչ եք արել գերիներին վերադարձնելու համար.

4. ՄԱԿ գագաթաժողովների ժամանակ և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներում արդյո՞ք քննարկել եք գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների հարցը:

 

5․Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների հետ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել՝ օգտագործելու նրանց միջնորդական հնարավորությունները վերոնշյալ խնդիրների լուծման համար:

 

6․Միջազգային դատարաններում ի՞նչ հայցեր են ներկայացվել գերիների, անհետ կորածների, բռնի առևանգվածների վերաբերյալ:

 

7.Ո՞ր միջազգային կառույցներին եք դիմելու լրացուցիչ աջակցության համար:

 

Ակնկալում ենք հանգամանալի և մանրակրկիտ պատասխան սահմանված կարգով Ձեր անունից՝ ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ հասարակության շրջանում լիարժեք տեղեկացվածությունն ապահովելու համար:

 

Համահայկական Ճակատ Շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

Համահայկական Ճակատ Կուսակցություն

Հայկականդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցություն

Անհետ կորածների, բռնի առևանգվածների ընտանիքների ներկայացուցիչներ: