Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցին տեղեկացրեց, որ երկու օրում 6500-ից ավելի ստորագրություն է հավաքել տրանսպորտի թանկացման դեմ։
Ըստ նրա, այսօր երրորդ օրն է, և տեսնում են, որ մարդիկ ակտիվ մասնակցում են ստորագրահավաքին։
«Իրենց առօրյա կյանքի մասին է խոսքը, հասկանում են, որ ապագայում իրենց խանգարելու է՝ գնան աշխատանքի, գան տուն, իրենց երեխաներին ճանապարհ դնեն դպրոց»,-ասաց նա։
Մարությանը նշեց, որ եթե ռեսուրս ունենային և 10 000 հոգի դուրս գար ստորագրահավաք անելու, 100 000-ավոր մարդիկ կմիանային․ «Մարդկանց 95 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը»։
Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինում՝ 2013թ.-ին, երբ իր «թավշյա թիմակիցներն» ընդդիմանում էին 100 դրամից ավելի վճարելուն, ըստ նրա՝ ինչո՞ւ են նրանք հիմա լռում և արդյո՞ք խոսել է «Լուլուի, Ալեն Սիոմնյանի հետ», երբ միասին տեսահոլովակ էին նկարում թանկացման դեմ։
«Հարցի պատասխանը շատ պարզ է՝ իրենք իշխանության են, իրենք տաքուկ նստած են իրենց տեղերում, օգտվում են պետական թանկ մեքենաներից։ Իրենք շատ լավ տեսնում են՝ ինչ է կատարվում, եթե ցանկանային՝ կմիանային»,-ասաց նա։