Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը համաձայն չէ լրագրողների այն դիտարկման հետ, թե բարեգործական ընթրիքների միջոցով գործարարների՝ գումար հանգանակելու դեպքում «մուծվելու» սխեմա է գործում:
«Այդ միջոցառումները համեմատելը նախկին իրականության հետ անտեղի է։ Եթե միջոցառում է կազմակերպվում, որի նպատակը սկսնակ բիզնեսին օգնելն է, ապա կարծում եմ, որ շատ լավ միջոցառում է»,- այս մասին ԱԺ-ում ասաց ՊԵԿ նախագահը՝ անդրադառնալով վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանի՝ օրերս կազմակերպած միջոցառմանը:
Նկատենք, որ լրագրողները հիշեցերին ՊԵԿ նախագահին՝ եթե նախկինում գործարարները առնչություն էին ունենում իշխանությունների կամ նրանց ընտանիքի հետ, այսօրվա իշխանությունները, որոնք նախկինում ընդդիմադիր էին՝ քննադատում էին, ասում՝ «ճամպրուկով» փող են տանում Բաղրամյան 26:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: