Եվրախորհրդարանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի դեմ և կոչ արել բոյկոտել COP-29-ը


Եվրախորհրդարանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի դեմ և կոչ արել բոյկոտել COP-29-ը
Հոկտեմբեր 22 22:08 2024

Եվրախորհրդարանում կայացել է քննարկում՝ «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» թեմայով: Հինգշաբթի կկայանա բանաձևի քվեարկությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերով եվրահանձնաժողովի փոխնախագահ Նիկոլաս Շմիտը նշել է, որ Ադրբեջանում օրեցօր վտանգվում են մարդու իրավունքները, և ավելի է ճնշվում ազատ խոսքը: Միաժամանակ, նա նշել է, որ Երևանը և Բաքուն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղության հաստատմանը, և Եվրամիությունն ամբողջովին աջակցում է երկու երկրի միջև ընթացող խաղաղության գործընթացին:

Ֆրանսիացի պատգամավոր Քսավիե Բելամին դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ԼՂ և Հայաստանի դեմ, հայտարարել է, որ Իլհամ Ալիևը փորձում է միջամտել Եվրամիության, Ֆրանսիայի ներքին գործերին, ապակայունացնել իրավիճակը Նոր Կալեդոնիայում: Նա առաջարկել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների հանդեպ:

Մեկ այլ ֆրանսիացի պատգամավորի՝ Ժորդան Բարդելայի խոսքով՝ Եվրամիությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի աջակցությամբ, գազ է գնում Ադրբեջանից:

Նատալի Լուազոն ԼՂ դեմ հարձակումն անվանել է էթնիկ զտում և կոչ արել բոյկոտել Բաքվում կայանալիք ԿՈՊ-29 համաժողովը:

Պատգամավորները պնդել են, որպեսզի ԵՄ-ն Ադրբեջանից պահանջի հարգել մարդու իրավունքները, պահպանել հայկական մշակութային ժառանգությունը և ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի իրավունքները:

Նրանք նաև տեղեկացրել են, որ հինգշաբթի քվեարկության դրվելիք բանաձևում ամբողջությամբ սատարում են ԵՄ հետ Հայաստանի մերձեցման նախաձեռնությանը և դատապարտում Իլհամ Ալիևի քաղաքականությունը տարածաշրջանում: