Արգիշտի Քյարամյանը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները․ ՔԿ-ն՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի մասին


Արգիշտի Քյարամյանը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները․ ՔԿ-ն՝ Քյարամյանի հնարավոր հրաժարականի մասին
Հոկտեմբեր 22 21:44 2024

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու հարցը շարունակում է քպական պատգամավորների օրակարգում լինել։ Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, փաստացի հայտարարեց, որ հետևանքներ կլինեն։

ԱԺ հայտարարությունների ընթացքում Անդրանիկ Քոչարյանը ևս անդրադարձել է Արգիշտի Քյարամյանին՝ նշելով․ «Բոլոր ոլորտներում էլ կան Բոնապարտիզմի բարքերը նախընտրող դիմադրողներ, որոնք կոմֆորտ զոնայից դուրս չեն գալիս։ Հաճախ ուսադիրներով շատ երտասարդներ թռիչքային կարիերա ունենալուց իրենց բացառիկ և յուրահատուկ են համարում։ Խնդիրը կոնկրետ Արգիշտի Քյարամյանի հետ կապված չէ, խնդիրը Աղազարյանի հետ կապված չէ, կամ՝ անձնավորված ինչ-որ բանավեճերի ու անձնական հաշիվների։ Խնդիրը նրանում է, որ ՀՀ-ն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, պառլամենտալիզմի ճանապարհը, որը, սակայն, շատ փշոտ է: »։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՔԿ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք Քյարամյանը պատրաստվում է իր նախաձեռնությամբ հրաժարական տալ, թե ՝ ոչ, կառույցից, սակայն, նշել են, որ Քննչական կոմիտեի նախագահը բնականոն իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանի և Քյարամյանի մասնակցությամբ վեճ է եղել։ Արգիշտի Քյարամյանն էլ արձագանքել է Աղազարյանի հայտարարությանը՝ նշելով․ «Պարոն Աղազարյան, ինչպես կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ։ Ինչում է դժգոհությունը։ Երկրորդը՝ ռեպլիկի հետ կապված՝ այս երկրի երեսին այնպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել․ եթե եղել է էդպիսին, ուրեմն արձագանքը հետագայում կզգացվի, ես դեռ շատ մեղմ արձագանք եմ բաց թողել։ Խնդրում եմ նաև մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են պարոն Աղազարյանի որդիների հետ կապված՝ քրեական գործերով մեքենաները վերադարձնելու հետ կապված։ Բա եթե խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, ապա պատասխանեք այդ հարցին»։