Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել Սյունիքի մարզի քաղաքներում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայնքներին: Հերթականը Կապանի տարածաշրջանի Սյունիքի սահմանամերձ գյուղում է․ կոմբինատը արեւային վահանակներով ու ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին: Աշխատանքների առաջին փուլում նախ 38 տներում կտեղադրվեն , ապա հերթը կհասնի նաեւ Սյունիք գյուղի հարակից հինգ փոքր բնակավայրերին: Ձմռան նախաշեմին ԶՊՄԿ-ն նվեր է անում բնակիչներին։ «Առանձնացրեցինք առաջնային լուծում պահանջող խնդիրներն ու առաջնահերթությունները, որոնցից մեծ մասը ԶՊՄԿ-ի շրջանակներից դուրս էր, չէինք կարող աջակցել։ Սակայն կային հարցեր, որ մենք ուղիղ կամ միջնորդավորված մասնակցությամբ կարող ենք օգնել։ Դրանցից մեկը արեւային վահանակների ու ջրատաքացուցիչների տեղադրումն էր»,-ասում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։