Եթե Քյարամյանը հրաժարական չտվեց, նշանակում է՝ նրա գործողությունները տեղին էին և նա հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ պատժիչ գործիքը. Փաստաբան


Եթե Քյարամյանը հրաժարական չտվեց, նշանակում է՝ նրա գործողությունները տեղին էին և նա հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ պատժիչ գործիքը. Փաստաբան
Հոկտեմբեր 16 15:53 2024

Երեկ ԱԺ լսումների ժամին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպը հաստատեց այն ամենը, ինչ մենք տարիներ շարունակ ասում էինք, որ, այո՛, կալանքը, իսկապես, կիրառվում է որպես պատժամիջոց և անձանցից ցուցմունքներ կորզելու միջոց. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

 

Ըստ նրա, Հովիկ Աղազարյանն այդ մասին հիշեց միայն այն դեպքում, երբ իր ընտանիքի անդամի հետ կապված այդպիսի գործողություններ իրականացրեցին։  

 

Արսեն Բաբայանը նկատեց, որ ԱԺ-ում «մի պատգամավոր կա՝ Լուլու անունով», ով հստակ ասաց՝ եթե այդպես ԱԺ պատգամավորի հետ են խոսում, ինչպե՞ս կխոսեն քաղաքացիների հետ, ինչի մասին իրենք ևս բազմիցս ասել էին։

 

«Ընդհանուր առմամբ, հաստատվեց մեկ այլ հանգամանք, որ քննչական մարմինը, դատախազությունը, իրավապահ մարիմինները և կառավարությունը կա՛մ հանցավոր փոխադարձ համաձայնության մեջ են, կա՛մ բոլորը չեն տիրապետում իրենց լիազորություններին»,-ասաց Բաբայանը։

 

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերից մեկի ժամանակ հայտնել էր՝ պատերազմական հանցագործությունների մասին քննչական մարմինները միասին իր ունեցած ինֆորմացիայի կեսն ունեն, ինչից հետո, Բաբայանի խոսքով, քննչական մարմինները առնվազն պարտավորություն ունեին հարցաքննելու Փաշինյանին, գործերը օբյեկտիվորեն քննելու համար լրացուցիչ տեղեկությունները ստանալու։

 

«Իսկ Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ վաղուց էր պարտավոր իր ունեցած տեղեկությունները հայտնել, բայց ինքը, եթե այդ օրը նման հայտարարություն է անում, նշանակում է, որ թաքցնում է հանցագործության որոշակի հանգամանքներ, փաստեր։ Քննչականն այստեղ որևէ գործողություն չարեց։

 

Երեկ ՔԿ ղեկավար Քյարամյանը հայտարարեց, որ որոշակի իշխանական անձինք ունեն որոշակի շահագրգռվածություն և միջնորդություններ են անում։ Ասաց չէ՞, որ Աղազարյան, քո անունից են երկու անգամ զանգել։ Եվ Ագիշտի Քյարմայանը դրա հետ կապված որևէ իրավական միջոց չի ձեռնարկել, միայն սահմանափակվել է ԱԺ-ում քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն անելով։ Հետևաբար, այս բոլոր անձինք կատարել են օրենքով արգելված արարքներ։ Պետք է ենթարկվեին համապատասխան համարժեք պատասխանատվության, բայց իրենք կա՛մ չեն տիրապետում իրենց պարտականույթուններին, կա՛մ բոլորը բոլորի արարքները թաքցնում են»,-ասաց նա։

 

Ըստ մեր զրուցակցի՝ քննչականը պետք է վարույթ նախաձեռներ, եթե այդպիսի միջնորդություն կար, ԱԺ-ն պետք է հարց քննարկեր, եթե ԱԺ-ն գտնում էր, որ իրապես կալանքը դիտվում է որպես ճնշման միջոց։

 

«Հիմա այստեղ ունենք կիսահստակ որոշ հանգամանքեր, որոնք պարտադրում են իշխանությանը պաշտոնից հեռացնել ՔԿ ղեկավարին, ՔԿ ղեկավարն էլ այս ամբողջը հաշվի առնելով, մասնավորապես, որ վարչապետն իրեն չի վստահում և դրանով պայմանավորված՝ չի ասում տեղեկություններ, հրաժարական տա։ Եթե այս ամենը տեղի չունեցավ, կստացվի մի բան, որ Արգիշտի Քյարամյանի գործողությունները տեղին էին և պատճառն այն է, որ Արգիշտի Քյարամյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի համար մեկ պատժիչ գործիքը։ Միայն դա կարող էր իրավունք վերապահել Արգիշտի Քյարամյանին պատգամավորների հետ ոչ վայել կամ ոչ պարկեշտ պահել իրեն»,-ասաց նա։

 

Փաստաբանը նշեց, որ եթե նա չհեռացվեց և այն երկու անձինք, որոնց մասին Քյարամյանն ասաց, պատասխանատվության չենթարկվեցին, կստացվի, որ այս պնդումը ճիշտ է․ «Որ Արգիշտի Քյարամյանը ստանում է իրավունք պատգամավորների հետ իրեն այդպես պահելու, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանի առանցքային կադրերից մեկն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ու վատ հանձնարարականները»,-նշեց նա։