Փարիզում ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում


Փարիզում ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում
Հոկտեմբեր 11 21:57 2024

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: Հայտնում են Թաթոյան հիմնադրամից:

Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում եւ Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետեւյալ հիմնական թեմաները՝

  1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների ազատ արձակման եւ Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների եւ գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
  2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը եւ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
  3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
  4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները:
  5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի եւ թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
  6. Նշված եւ մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաեւ կանխելու ադրբեջանական հետագա

հանցանքները:

Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:

Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ: