Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է


Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է
Սեպտեմբեր 30 11:51 2024

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE Armenia) ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆրանսիսկո Մորան։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և ԱՄՆ կառավարության աջակցությամբ և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ծառայելով որպես տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հարթակ:

Պապոյանը բացման խոսքում նշել է, որ այս միջոցառումը լավ հարթակ է ոչ միայն գաղափարների փոխանակման, այլ նաև համագործակցության նոր ուղիներ գտնելու համար, որոնք կարող են վերափոխել մեր ապագան. «Չնայած աշխարհագրական բաժանմանն ու համատեղ սահմանների բացակայությանը, կարող ենք փաստել, որ կապի, նորարարության և համագործակցության ուժը սահմաններ չի ճանաչում, և մեր ազգերի միջև հնարավորությունների կամուրջներ կառուցելու համար կա չօգտագործված հսկայական ներուժ: Համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել այս ներուժը՝ առաջացնելով բեկումնային փոփոխություններ, որոնք կվերափոխեն ոչ միայն մեր երկրները, այլև համաշխարհային լանդշաֆտը»:

Մինչև հոկտեմբերի 4-ը շարունակվելիք միջոցառման նպատակն է դյուրացնել երկխոսությունը և համագործակցությունը մասնակից երկրների ու Հայաստանի միջև՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են կայուն գյուղատնտեսությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան, ՍԹԵՄ կրթությունը և գինեգործությունը: