«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ առանց խոչընդոտների իրենք հաղթելու են ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններում. տեխնիկական, կազմակերպչական հարցերն են մնացել լուծելու: Նա հորդորել է թիմակիցներին, թե պետք է հետագայի՝ 2031-ի ընտրությունների մասին մտածել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում լուրջ մտահոգություններ են ունեցել, որ իրենց իշխանության օրոք Հայաստանի առջեւ ծառացած մի շարք անվտանգային խնդիրների ֆոնին իրենց վարկանիշը կտրուկ անկում է ունեցել, եւ գնալով իրավիճակն ավելի է բարդանում, ու կարող է 2026 թվականի ընտրությունների ժամանակ լուրջ խնդիրների առջեւ կանգնեն՝ ընդհուպ չկարողանան վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, հանգստացրել է թիմակիցներին՝ ասելով, որ մտահոգվելու կարիք չկա, 2026 թվականին իրենք իշխանության են մնալու, առանց որեւէ խոչընդոտի հաղթելու են ընտրությունները:
Փոխարենը, Փաշինյանը հորդորել է մտածել հաջորդ՝ 2031 թվականի ընտրությունների մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական հանդիպումների ժամանակ նման վստահեցում տվել է:
«Նման թեմա չի քննարկվել: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ կարող ենք վստահություն ունենալ միայն դրանց հաշվարկից հետո: Դա վերաբերում է ցանկացած ընտրությունների, անգամ ընտրությունից մեկ ժամ առաջ նման վստահություն ունենալը, կարծում եմ, ճիշտ չէ», – ասաց նա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում