Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով ու հավատով է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր․ Սուրեն Պապիկյան


Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով ու հավատով է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր․ Սուրեն Պապիկյան
Սեպտեմբեր 21 13:42 2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը: 

33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին: 

Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը: 

Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը: 

Մեր Անկախությունը պետականաշինության դժվարին ընթացք էր, որն ուղեկցվեց վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով ու ձախողումներով, նվաճումներով և բացթողումներով, բայց երբեք չընդհատվեց՝ մեր ժողովրդի կամքի, տքնանքի, ազատասիրության, խիզախության ու պատվախնդրության շնորհիվ: 

Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, շարունակում իր ընթացքն ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության ճանապարհով, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր, որտեղ առանցքային դերակատարը սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող, եռանդուն, աշխատող-արարող, առաջընթացի գաղափարներով լի, սեփական երկրի ապագայի հանդեպ լավատեսությամբ տոգորված, սեփական երկիրը կառուցելու և պաշտպանելու պատրաստ քաղաքացին է:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 

Մաղթում եմ, որ անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական, համերաշխ, նվիրումով և խանդավառ: 

Ու երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները:

Փա՛ռք նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: 

Կեցցե՛ Անկախությունը»։