Այսօր գտնվում ենք նիկոլական անկման ժամանակաշրջանում, պետք է պարտադրել իշխանության հրաժարականը. Ալբերտ Բազեյան


Այսօր գտնվում ենք նիկոլական անկման ժամանակաշրջանում, պետք է պարտադրել իշխանության հրաժարականը. Ալբերտ Բազեյան
Սեպտեմբեր 21 13:17 2024

Մենք հաղթանակ էինք տարել շնորհիվ ազատամարտիկների հերոսության, ինչպես նաև մեր հայազգի զինվորականների վերադարձով Հայաստան, որոնք էլ կազմակերպեցին հաղթանակը 1-ին Արցախյան պատերազմում: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

Նա նշեց, որ ցավոք սրտի, մենք այսօր գտնվում ենք պարտված ժողովրդի և պարտված պետության կարգավիճակում, կորցրել ենք Արցախը և Հայաստանի տարածքից մի քանի տասնյակ քկմ ու շատ կարևոր ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ:

«Ադրբեջանն անընդհատ պահանջում է, ՀՀ-ի առաջ դնում է նոր պահանջներ: Խաղաղության համաձայնագիր կկնքեն միայն այն դեպքում, երբ Հայաստանն իր Սահմանադրությունից հանի Ցեղասպանության խնդիրը, Արցախի հետ կապված հարցերը»,- ասաց նա:

Նա նշեց՝ թեպետ այսօր ծանր վիճակում ենք գտնվում, բայց ամեն ինչ հարաբերական է, և յուրաքանչյուր ժողովրդի մեջ լինում են անկման և վերելքի շրջաններ:

«Մենք այսօր գտնվում ենք նիկոլական անկման ժամանակաշրջանում, բայց գալու է վերելքի ժամանակաշրջանը: Մեր ժողովուրդը համախմբվելու է, մենք համախմբվելու ենք, ձևավորելու ենք այլընտրանք այսօրվա իշխանությանը»,- համոզմունք հայտնեց նա:

Իսկ թե ինչպես, Բազեյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պարտված է, բայց շարունակում է մնալ իշխանության, քանի որ հանրությունը չի տեսնում այլընտրանք:

«Մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը: Այսինքն, վեց տարի առաջ նույն ուժերն էին, հիմա նույն ուժերն են: Պետք է քաղաքական բոլոր առողջ ընդդիմադիր ուժերը համախմբվեն, պետք է ձևավորել պայմանական անվանում՝ «Համահայկական միացյալ դաշինք», և ամբողջ Հայաստանով մեկ ոտքի հանել մեր ժողովրդին՝ անհնազանդություն այսօրվա պարտվողական իշխանությանը: Պարտադրել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության հեռացումն ու գործող ԱԺ-ի լուծարումը»,- շեշտեց նա: