Քանի դեռ դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն հետևանք չի ունենա. փաստաբանը՝ Թովմասյանի ՍԴ դատավոր մնալու մասին


Քանի դեռ դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն հետևանք չի ունենա. փաստաբանը՝ Թովմասյանի ՍԴ դատավոր մնալու մասին
Սեպտեմբեր 20 15:57 2024

Վճիռը ստանալուց հետո կքննարկենք բողոքարկման հիմքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը:

«Այս պահին արդեն ունենք որոշակի հանգամանքներ, որի շրջանակներում արդեն իսկ գիտենք՝ բողոքարկման ենթակա է, այդ թվում՝ դատավարության ընթացքում տեղի ունեցած բոլոր խախտումները ևս կարող էին ազդել վճռի վրա: Երբ կունենանք դատավճիռը, արդեն բովանդակային կկարողանանք գնահատել նաև հավելյալ հիմքերը»,- ասաց նա:

Հարցին՝ դադարեցվելո՞ւ է Թովմասյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունները, նա պատասխանեց, որ  քանի դեռ համապատասխան վճիռն ուժի մեջ չի մտել, տվյալ դատավճիռը ոչ մի հետևանք չի կարող առաջացնել:

«Վճիռը կարող ենք բողոքարկել մենք, կարող է բողոքարկել մեղադրող կողմը: Եթե նկատեցիք, ըստ էության, 19 թիվ բերվեց: Մեղավոր է ճանաչվել 380-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանքն առաջադրված է եղել 380-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքն առաջադրված է եղել 20 թվականին: Այսինքն, ավելի ուշ քան համապատասխան վաղեմության ժամկետներն անցել են, ինչը բացարձակ հիմք էր, որ նույնիսկ մեղադրանք չառաջադրվեր»,- ասաց նա:

Օրբելյանը նշեց, որ եթե հիմա վերջնական դատավճիռը այս ձևով ուժի մեջ մտնի, համապատասխանաբար քննարկման հարց է դառնում պաշտոնավարման շարունակությունը:

«Այս վճիռը, այս տեքստը, որ ունենք այսօրվա դրությամբ, որևէ անմիջական հետևանք չի առաջացնում՝ բացառությամբ պարոն Թովմասյանի գույքի վրա դրված կալանքի մի մասի վերացումը, որովհետև այս պահին ավելի մեծ գումարի չափով է արգելանք դրված: Հետևանքներ կունենա, եթե չբողոքարկվի ու ուժի մեջ մտնի, կամ բողոքարկվի մնա ուժի մեջ կամ փոփոխվի»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց դատարանի կողմից, սակայն քրեական պատասխանատվությունից ազատվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: