Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն, Վ․Հ․–ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում:
Մասնավորապես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն կատարելը, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը:
Է.Պ.-ն և Ա.Գ.-ն, նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024թ․ փետրվարի 10-ին, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով, իրենց բջջային հեռախոսները թողել են վերջինիս բնակության վայրում, և իրենց հետ վերցնելով նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաքի նախապես որոշված հասցե։ Այնտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից նախապես բացատրված եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերված վերոհիշյալ պայթեցման սարքի մեջ է տեղադրել դրա համար խթանիչ հանդիսացող էլեկտրական մարտկոցը, պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի նշված առանձնատան աջ անկյունային հատվածը և հեռացել։ Այնուհետև հիշյալ անձինք տարբեր տաքսի ավտոմեքենաներով գնացել են Ա․Գ–ի բնակության վայր:
Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով, և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառվել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, Վ.Հ.-ն, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, իրավապահ մարմինների կողմից չբացահայտվելու նպատակով նախապես անջատելով բջջային հեռախոսը, 2024 թվականի փետրվարի 20-ին, իր հետ վերցնելով ապօրինի կերպով նախապես պատրաստված պայթուցիկ սարքերը, հեծանվով գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Այնուհետև նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով:
Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) , 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Վ․Հ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 336-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), Ա․Գ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը, հիշյալ երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: