Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է


Նիկոլ Փաշինյանը փոշմանե՞լ է
Սեպտեմբեր 19 22:36 2024

Մոտ երկու շաբաթ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մայր Տաճարի վերաօծմանը։ 

 
 

Մեր աղբյուրները հայտնել էին, որ նա որոշել է եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտել նաև այդկերպ՝ չմասնակցելով սեպտեմբերի 28-ի Մյուռոնօրհնեքի արարողությանն ու հաջորդ օրը կատարվելիք վերաօծմանը։ 

«Չի գնալու ու իշխանական վերնախավին էլ հրահանգ է իջեցրել, որ ամեն մեկը մի ձևով «ցրի» թեման»,- MediaHub-ին պատմել էր Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։

 
 

Սակայն այսօր այդ նույն աղբյուրը տեղեկացրեց՝ ինչ-որ բան է փոխվել, և հիմա Փաշինյանի աշխատակազմը քննարկում է նրա մասնակցության հարցը։

«Մյուռոնօրհնեքին գնալու հարցն, ըստ էության, չի քննարկվում։ Բայց հաջորդ օրը՝ Տաճարի վերաբացմանը, ամենայն հավանականությամբ, ներկա է լինելու»,- նշեց մեր աղբյուրը։

 

Պաշտոնական պատասխան ստանալու համար MediaHub-ը կապվեց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։

«Հարցն այժմ քննարկում ենք։ Այսքանը»,- մեզ հետ զրույցում ասաց Փաշինյանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ երկու շաբաթ առաջ, երբ մենք հաստատ տեղեկություն ունեինք, որ Փաշինյանին Մայր Աթոռից հրավեր ուղարկվել է, Արմեն Խաչատրյանը չէր հաստատել այդ տեղեկությունը՝ նշելով, որ նման ինֆորմացիա չունի։

Դրան հաջորդող օրերին էլ աշխատակազմից տեղեկացրել էին, որ Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու հարցը չի քննարկվում։ Եվ այժմ, երբ մեզ հենց աշխատակազմից են հայտնում, որ հարցը քննարկման փուլում է, կարելի է ենթադրել, որ մեր աղբյուրները ճիշտ են, ու Փաշինյանի որոշումն ինչ-ինչ հանգամանքների բերումով փոխվել է։

Ըստ երևույթին՝ նա որոշել է «շախ ու մատ» անել թե՛ եկեղեցուն, թե՛ հատկապես նրանց, ովքեր բացահայտ խոսում են Կառավարություն-Եկեղեցի հարաբերությունների խզման մասին։ Ըստ էության, եթե Փաշինյանն իսկապես գնա կարևորագույն այս միջոցառմանը, ապա սա վերջին տարիների ընթացքում առաջին առերեսումը կլինի կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, հատկապես Սարդարապատի խայտառակ միջադեպից հետո: