Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան


Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
Սեպտեմբեր 19 11:25 2024

«Հայաստանի ղեկավարությունը որևէ քայլ չի անում գերիներին վերադարձնելու համար, անում է  հակառակ քայլը, որպեսզի գերիները երբևէ, գոնե  մինչ այն պահը, քանի դեռ իրենք են իշխանության, որևէ հնարավորություն չունենան վերադառնալու»,-Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ Բաքվի բանտերում բացի  Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցչից նաև այլ հայ գերիներ, պանդանդներ  կան. «Ստացվում է այնպես, որպեսզի այն ութը չվերադառնան, մնացածի հարցով էլ այլևս չեն զբաղվում։ Այդ հարցն իրենց օրակարգում չկա»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն Արցախի նախկին պետնախարար, այժմ գերության մետ գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին, թե  «ի՞նչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց, կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ նրան ուղարկեց, այդ իմաստով, գործուղեց ՀՀ, ո՞վ նրան գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով»,  Մ. Հակոբյանն ասաց. «Փաշինյանի այդ խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին խորը ատելության ցուցադրություն էր անձի նկատմամբ, նաև ղեկավարի ոչ կոմպետենտ լինելու մասին էր. ի՞նչ է նշանակում ղեկավարն առ այսօր չգիտի, թե ինչի համար էր այդ մարդն այստեղ։

Առաջին անգամ չէր, որ ուղերձ էր հղում Բավքին, միջազգային հանրությանը, որ Հայաստանը բացարձակ շահագրգռված չէ, նպատակ չունի, չի էլ ուզում, որպեսզի այդ մարդիկ վերադառնան այնտեղից»։ 

Նա նշեց, որ այսօր տարբեր կառույցներ կան, որոնք տարբեր հարթակներում բարձրացում են գերիների վերադարձի հարցը։ 

«Ստանում ենք արձագանքներ, որ իրավունքի առումով անօրեն է այն, ինչ տեղի է ունենում, սակայն եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, այդ հարցի լուծումը շատ մուշոտ է»,- ասաց Մ.Հակոբյանը։