Խոսալը և հարվածելը մեկ եղավ․ Տեղի ավագանու անդամը՝ համայնքապետի եղբոր հետ միջադեպի մասին


Խոսալը և հարվածելը մեկ եղավ․ Տեղի ավագանու անդամը՝ համայնքապետի եղբոր հետ միջադեպի մասին
Սեպտեմբեր 18 18:41 2024

Տեղ համայնքի «Ապրելու երկիր» ընդդիմադիր խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանն այսօր՝ 12։50-ի սահմաններում, Գորիս քաղաքում ծեծի է ենթարկվել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբոր՝ Սասուն Ղուլունցի կողմից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում պատմեց Զեյնալյանը։

 «Ես գնացել էի Գորիս սովորական իմ անձնական հարցերով, փողոցով քայլում էի քաղաքի մեջ, մի սև մեքենա կանգնեց, սկի չգիտեի էլ, որ իրենն է, մեկ էլ ավտոյից հելավ ասեց՝ կակ ռազ ուզում էի քեզ տեսնել, ես էլ ասեցի՝ ամեն օր գյուղով դիմացովդ գնում-գալիս եմ»,- մանրամասնեց ավագանու անդամը։ 

Ըստ Զեյնալյանի՝ Ղուլունցը իրենից հարցրել է՝ իր երեխաներին հայհոյե՞լ է, որ հարցազրույցում նման կերպ է ներկայացրել, վերջինս էլ նշել է, որ այո՝ ձայնագրությունն էլ առկա է․ «Էդ խոսալն ու իր հարվածելը մեկ է լինում։ Սովորական խոսում էինք ու միամգամից հարվածեց ականջիս, ես էլ իրեն եմ հարվածել ու սկսեցինք քաշքշել, հետո իմ ընտանիքին հայհոյեց, ես էլ իրեն եմ հայհոյել»,- ասաց Զեյնալյանը։ 

Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը պատրաստվում է հարցին նաև իրավական ճանապրհով լուծում տալ։ Վերջինիս պնդմամբ, Ղուլունցների ընտանիքը փորձում է լռեցնել իրեն, քանի որ նա բարձրաձայնում է աղմկահարույց հարցեր․ «Համայնքային հարցերում ինքը տենդեր է շահում, ես բարձրաձայնել եմ, որ դա շահերի բախում է ու չգիտեն՝ ոնց լռեցնեն։ Թևերն է երկարացրել, գիտի, որ թևերի տակ 2 կգ քյութի միս կա՝ իրենք ուժեղ տղերք են, կամ մտածում են մեշոկով փող ունեն, դրանով վերջացավ ամեն բան»։ 

24News-ը կապ հաստատեց նաև Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը նշեց, որ տեղյակ չէ միջադեպից։ 

«Անկեղծ, տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, ձեզնից եմ առաջին անգամ լսում», - նշեց Տեղ համայնքի ղեկավարը։ Ըստ նրա, ավագանու նիստերն անցնում են նորմալ մթնոլորտում, վերջին անգամ տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, Մասիս Զեյնալյանն էլ է ներկա եղել։ 

«Ես ոչ մի իմ գյուղացու հետ խնդիր չունեմ», - հավելեց նա, սակայն հրաժարվեց փոխանցել իր եղբոր համարը, որպեսզի նրանից էլ կարողանանք մեկնաբանություն ստանալ։ Ղուլունցը խնդրեց նաև «իր եղբորը չքաղաքականացնել»։ Ինչ վերաբերվում է անցկացվող մրցույթներին ու իր եղբոր շահելու հանգամանքին, Տեղի ղեկավարը հայտարարեց, թե «շահում է նա, ով մասնակցում է»։