Արմեն Աշոտյանի տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված, սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել․ Տիգրան Աբրահամյան


Արմեն Աշոտյանի տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված, սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել․ Տիգրան Աբրահամյան
Սեպտեմբեր 18 10:05 2024

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քաղբանտարկյալ` տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին էի այցելել:

Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված:

Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով` բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ:

Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ:

Առ այս պահը դատարանի որոշումը չկա և դեռ պարզ չի, թե արդյո՞ք Արմենը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ և այլն:

Այս իրավունքները բանտային փուլում Արմենին տրված էր, սակայն այս պահի դրությամբ, այդ հարցը շարունակում է «օդում կախված» մնալ:

Արմենի` նաև քաղաքական իրավունքների խիստ սահմանափակումն անշուշտ կապված է վերջինիս քաղաքական ակտիվ գործունեության հետ: 

Արմենին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումը բնականաբար ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում և նպատակ ունի չեզոքացնելու հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի` ՀՀԿ-ի փոխնախագահին, ով ոչ միայն կուսակցական առաջին էշելոնի դեմքերից է, այլ առհասարակ դաշտի ակտիվ ու ազդեցիկ դերակատարներից: 

Միակ լավ հանգամանքն այն է, որ Արմենի Աշոտյանի կենցաղն ու կեցության պայմաններն է փոխվել, վերջինս իր ընտանիքի հետ է, սակայն քաղաքական տեսանկյունից, կրկնում եմ` նրա սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: