Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնաց անփոփոխ


Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնաց անփոփոխ
Սեպտեմբեր 16 23:44 2024

Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով իմ ու պաշտպան Արմեն Մաշինյանի վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 
«Վերաքննիչը մերժեց մեր բողոքները. Արմեն Գրիգորյանի դեմ դատական ակտը մնաց անփոփոխ։ Բողոքարկելու ենք նաև վճռաբեկում։ Հազար տարի էլ անցնի՝ այս դատավճիռը մի օր բեկանվելու է»,- գրել է փաստաբանը։ 
 
Հիշեցնենք, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է՝ 2022թ հուլիսի 15-ին՝ հենց դատական նիստերի դահլիճում՝ իր գործով նախնական դատական լսումների ընթացքում։ Գրիգորյանը կալանքի տակ էր գտնվում մայիսի 17-ից՝ մի արարքի համար, որը ՀՀ քրեական օրենսգրքով հանցագործություն չէր համարվում։ Մասնավորապես, Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնորեն ազգային արժանապատվությունը նվաստացնելու համար, իսկ որպես հիմք ներկայացվել է մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Գրիգորյանի հայտնած կարծիքը ՀՀ բնակավայրերից մեկի բնակիչների վարքագծի մասին, մինչդեռ, ՀՀ Քրեական արդեն նախկին օրենսգրքի 226-րդ հոդվածում արգելվում է միայն «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները, ուստի ներազգային սոցիալական խմբերի միջև արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունն արգելված չէ։ 

Արմեն Գրիգորյանի մահվանից հետո նրա հարազատներն առարկել են մահվան հիմքով գործի կարճման դեմ՝ գտնելով, որ քննություն պետք է իրականացվի, ինչի արդյունքում Գրիգորյանը պետք է արդարացվի՝ թեկուզ հետմահու: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղադրական վճիռ է կայացրել։ Դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որով Գրիգորյանի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Բողոքը, սակայն, մերժվել է։