Կամ իրավապահները լավ չեն աշխատում, կամ պատճառ ունեն․ Նորագավիթում սպшնված Մհեր Խաչատրյանի քույրը կասկածներ ունի


Կամ իրավապահները լավ չեն աշխատում, կամ պատճառ ունեն․ Նորագավիթում սպшնված Մհեր Խաչատրյանի քույրը կասկածներ ունի
Սեպտեմբեր 16 21:51 2024

Երևանի Նորագավիթ թաղամասի 26–ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի սպանությունից երեք ամիս է անցել, սակայն հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ։ Մհեր Խաչատրյանի քույրը՝ Վարդուհի Խաչատրյանը Irakanum.am–ի հետ զրույցում բարձրաձայնում է՝ տեսախցիկները ֆիքսել են ամբողջ կատարվածը, սակայն իրավապահները «անհասկանալի» ձևով չեն կարողանում հայտնաբերել հանցագործության մյուս մասնակիցներին։ «Այդ ժամանակվանից հետաքննությունը գնում է, բոլոր տեսախցիկները ֆիքսել են բոլորի դեմքերը, սպանության տեսանյութը բոլոր տեղերում տարածված է, թե ինչպես են դուրս գալիս, ինչպես են սպանում, ամեն ինչ կա, բոլորն էլ տեսել են։ Անցել է արդեն երեք ամիս, քննիչներն իրենց գործն արել են, հիմա բռնված է ընդամենը երեք հոգի։ 11 հոգի են եղել, ո՞նց կարող են մյուսներին չբռնել»,– ասաց Վարդուհի Խաչատրյանը։

Նա նկատում է՝ կամ ոստիկանները իրենց գործը լավ չեն կատարում, կամ՝ դրդապատճառներ ունեն չհայտնաբերելու մյուսներին։ «Քանի, որ իմ եղբայրը եղել է երեք պատերազմների մասնակից, որից երկուսը կամավոր, և այս ամեն ինչը անպատասխան չպիտի մնա։ Երեք–չորս օր խոսեցին ու վերջ, իսկ իրավապահների հետ կապված կապված իմ վարկածները երկուսն են, հակառակ դեպքում երբ դեմքերը ֆիքսված է, մի փոքր երկրում երեք ամսվա ընթացքում գոնե մեկին չեն կարողացել գտնել»,– ասաց սպանված երիտասարդի քույրը։ «Այլ տարբերակ չի մնում, կամ իրենց աշխատանքը լավ չեն կատարում, կամ պատճառ ունեն։ Լրացավ եղբորս սպանության երեք ամիսը, ու փոքր երկրում էս ազգի համար ամեն ինչ արած տղայի սպանությունը պետք է բացահայտվի ու պատժվի»,– նշեց Վարդուհի Խաչատրյանը, հավելելով, որ իրենք մինչև վերջ կգնան և չեն թողելու հանցագործները ազատության մեջ լինեն։

Մհեր Խաչատրյանի քույրը դիմեց նաև սպանության մեղադրանքով անցնողների փաստաբաններին, նշելով, որ նմանատիպ մարդկանց պաշտպանողները պետք է մի քիչ վախենան Աստծուց։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Նորագավիթ թաղամասում կրակոցներ են հնչել, իրավապահները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, արնանման հետքեր, ինչպես նաև ինքնաձիգից կրակված ավելի քան 30 պարկուճ, գնդա։  Սպանվածը Մհեր Խաչատրյանն էր, որը մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։

ՔԿ–ից հայտնել էին, որ երիտասարդի դին հայտնաբերվել է սուպերմարկետի մոտ։

Նախնական տվյալներով՝ Նորագավիթ թաղամասի անչափահաս բնակիչը (2006թ. ծնված) հորը պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենայով նույն թաղամասում արագ վարելու հարցի շուրջ դիտողության է արժանացել Մհեր Խաչատրյանի կողմից, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել է հորը։ Նա էլ պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է Մհերին ու պայմանավորվել հանդիպել։ Պատանու հայրը հանդիպմանը գնացել է ընկերոջ հետ:

Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել թաղամասում գործող սուպերմարկետի մոտ, վիճաբանություն է ծագել, որի ընթացքում պատանու հայրը բռունցքով հարվածել է Մ.Խ.-ի դեմքին: Այնուհետև քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձինք ինքնաձիգից և ատրճանակից կրակահերթ են արձակել Մհեր Խաչատրյանի ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են երկու տասնյակից ավելի պարկուճներ և գնդակներ: Տուժողի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ ձախ ձեռքում՝ գազային ատրճանակ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքը, որոնց թվում՝ պատանու հայրը, հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են: