«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին չի խոսում՝ գործընթաց է տեղի ունենում։
«Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք սրտի, հիմա չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե միջազգային գործընկերներն աջակցում են Հայաստանին, թե որքանով է ճնշումն Ադրբեջանի վրա՝ կարող են դատել տարբեր երկրների հայտարարություններից։
Ըստ ՔՊ-ականի՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է։
«Ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում, մենք հույս ունենք՝ միջազգայկին մեր գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում՝ գործընթացներ են տեղի ունենում, հուսանք՝ ամեն բան կգնա դեպի դրական զարգացում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա պատասխան չուներ՝ արդյոք Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք այդ միջոցառմանը։