Կառավարությունը արտոնություն կտա նորաստեղծ ընկերությանը. ովքեր են դրա հիմնադիրները


Կառավարությունը արտոնություն կտա նորաստեղծ ընկերությանը. ովքեր են դրա հիմնադիրները
Սեպտեմբեր 6 20:53 2017

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հարկային արտոնություն տալ «Քրեյ գրուպ» ՍՊԸ-ին՝ 3 տարով հետաձգելով ներմուծվող սարքավորումներն ԱԱՀ-ից: Այս մասին Armday.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով վաղվա նիստի օրակարգը:

Նախագիծը գործադիրի անդամներին կներկայացնի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի նպատակն է զբաղվել Երևանում բամբակի, բամբակյա պարագաների և խոնավ անձեռոցիկների արտադրությամբ:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 720 մլն դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որը լինելու է փուլերով։ Առաջին փուլում ընկերությունը նախատեսում է ներմուծել սարքավորումներ շուրջ 170 մլն դրամի չափով:

Նշենք, որ ընկերությունը նորաստեղծ է, այն հիմնադրվել է այս տարվա մայիսի 22-ին, հիմնադիրներն են Լևոն Սահինյանը և Էլեն Միքայելյանը: