«Հրապարակը» գրում է․ Արցախի քաղաքական վերնախավն այլեւս որոշել է չլռել, նրանք որոշել են վերցնել իրենց նետված ձեռնոցը եւ պատրաստ են ցանկացած գրոհի։ Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի լուծարումից հետո արցախցի պաշտոնյաներ գոյություն չունեն, որ դեռ մի բան էլ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական նիստեր հրավիրեն։ Անգամ ասաց, որ Արցախի ներկայացուցչության կարգավիճակն է պետք փոխել, այսինքն` խլել արցախցիներից: ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը ՔՊ-ն նշանավորեց հակաարցախյան այլ հայտարարություններով եւս: Մեր տեղեկություններով՝ նախօրեին ողջ օրն Արցախի քաղաքական գործիչները քննարկել են՝ ինչ արժանի հակահարված տալ, եւ համակարծիք են եղել, որ այսուհետ ՀՀ բարձր մակարդակով արված բոլոր նմանատիպ հայտարարություններին համարժեք պատասխան պետք է տալ, քանի որ իրենց լռությունն ընկալվում է որպես համաձայնության նշան։
Սկզբում քննարկել են չորս ֆրակցիաների անունից հայտարարության տեքստի տարբերակը, սակայն եկել են ընդհանուր հայտարարի, որ ԱԺ նախագահին Արցախի իր պաշտոնակիցը պետք է պատասխանի։ Պատմեցին, որ մի փոքր դժվար է եղել Սամվել Բաբայանի կուսակից, Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին համոզելը, այդուհանդերձ, ստացվել է։ «ԱՀ ԱԺ պաշտոնյաները (պատգամավորները), ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ եւ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել՝ անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք»,- նշված է Բաղունցի հայտարարության մեջ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 09․ 24 թ համարում։