Փաշինյանը ցուցադրել է իր առանձնատունը․ «Հրապարակ»


Փաշինյանը ցուցադրել է իր առանձնատունը․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 10 08:44 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։

Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։ Շաբաթ օրվա հավաքը բավականին տարբերվել է նախորդներից։ Սովորաբար, նախորդ նման միջոցառումները Փաշինյանն օգտագործել է թիմակիցների գործունեությունը գնահատելու, առաջիկա անելիքների հետ կապված ինստրուկտաժ անելու համար, իսկ այս անգամ նման զրույց չի եղել։

Մեր աղբյուրն ասաց, որ խնջույքի ֆորմատը դրան չէր տրամադրում: Այս անգամ, ի տարբերություն նախորդ հավաքների, կառավարության, օրենսդիր մարմնի ՔՊ-ականներից բացի ներկա են եղել նաեւ ՔՊ-ական համայնքապետերը:

«Շունը տիրոջը չէր ճանաչում», բացի այդ՝ ուտուշ-խմուշն էլ ավանդական ֆորմատով չի եղել, որ խոսեն-քննարկեն, այլ ֆուրշեթ է եղել, որի դեպքում կոլեկտիվ զրույցն անհնարին է։ Ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն իր հյուրերի համար էքսկուրսիա է անցկացրել առանձնատանը՝ բաղնիք-զուգարանը, խորովածանոցը եւ այլ  հատվածներ է ցույց տվել: Կատակել է, թե զգացեք ձեզ՝ ինչպես ձեր տանը:

Հետո անցել են կերուխումին, անգամ կենացներ չեն ասվել, որ ներկաները գուշակեին իրենց գլխին գալիքը: Միջոցառմանը դիջեյ է հրավիրված եղել, ՔՊ-ականները պարել, տժժացել են: Փաշինյանը նաեւ նավով կրուիզի է տարել կուսակիցներին` երեք անգամից բոլոր ՔՊ-ականները պտտվել են Սեւանում։ Փաշինյանը փորձել է թիմակիցներին ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, մտահոգվելու առիթներ չկան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում