«Փաստ» օրաթերթը գրում է.
Առհասարակ, մարդը ինչ աստիճանի պետք է ընկնի, որ ինչ-ինչ ակնարկներ կամ հայտարարություններ անի անձնավորության հասցեին՝ իմանալով, որ իր ակնարկների հասցեատերը դրանց հակադարձելու հնարավորություն չունի: Սա հռետորական հարց չէ, այլ միանգամայն կոնկրետ: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ակնարկներ արեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և արդեն շուրջ 1 տարի Բաքվի հանցագործ ռեժիմի ճիրաններում հայտնված Ռուբեն Վարդանյանի հասցեին: Հետո նրան կրկնեցին քպական մի քանի այլ «նիկոլներ»: Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Չի կարող չիմանալ, քանի որ այդ դաժան իրողությունը իր իսկ՝ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար «քաղաքականության» անմիջական հետևանքներից մեկն է:
Ինչպես այն, որ Բաքվի բանտում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ նախագահներ, ԱԺ նախագահ, պաշտպանության նախարար, փոխնախարար, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանն ասում է, թե նրանց գերեվարման հետ կապված հարցեր կան, այս, այն: Ճիշտ է, ինքն առավելապես կենտրոնացավ Ռուբեն Վարդանյանի վրա: Իսկ նախօրեին էլ, արդեն ոչ ասուլիսային տարբերակով, ակտիվացավ Փաշինյանի խոսափողներից կամ քպական «կարկառուններից» մեկը: Նա էլ սկսեց Ռուբեն Վարդանյանին մեղադրել, թե... բա ասում էր՝ Արցախը երբեք չի լքելու, ինչո՞ւ էր ուզում Լաչինի միջանցքով դուրս գալ: Դե, մի կողմ թողնենք Փաշինյանի ու նրա խոսափողների, իսկ իրականում «մինի-նիկոլների» հայտարարություններում ծփացող ցինիզմը:
Չնայած, ինչպե՞ս «մի կողմ թողնես»: Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին, թե «ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ չմնացիք»: Ու գիտեք, մեղադրում էլ են: Ուղղակի, թե միջնորդավորված, դրանից ոչինչ չի փոխվում: Սա նույնն է, եթե ասեն, թե ինչու չցանկացաք, որ թուրքը ձեզ ձեր տան դռան շեմին մորթի, ինչո՞ւ թողեցիքեկաք: Նիկոլապաշտների կամ մերձքպականների կենցաղային մակարդակով «մտավարժանքները»՝ դեռ իրենց հերթին: Բայց երբ նման մեղադրանքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները, անհնար է չհակադարձել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, իշխանություն, որը պարտավորվել է լինել Արցախի անվտանգության, Արցախի հայերի իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց մեկեն հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախն ու հայտարարում է, որ մատը մատին չի խփելու, եթե թուրքերն սկսեն ցեղասպանություն իրականացնել, հիմա մեղադրում է պաշտոնավոր ու անպաշտոն արցախցիներին, որ չեն մնացել ու մինչև վերջին մարդը սպանվել, որ փորձել են Հայաստանի Հանրապետության տարածք հասնելով՝ փրկվել:
Սա նորմա՞լ է: Առհասարակ, նորմա՞լ է: Ո՛չ: Ըստ որում՝ «ոչ», եթե մեղմ արտահայտվենք: Հիմա, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ ակնարկներ են անում թշնամական գերության մեջ հայտնված հայ մարդկանց հասցեին, դա նշանակում է ամենից առաջ նրանց թիկունքից հարվածել ու հավել յալ ծառայություն մատուցել Ալիևին: Կամ՝ վերցնենք ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, որ հնչեցնում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները նաև այս ենթատեքստում: Ո՞վ ինչի մասին է խոսում, էլի: Փաշինյանական իշխանությո՞ւնը: Իսկ ի՞նչ է, երբ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ուրանում էր Արցախը, երբ հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է, այդ ամենի մասին չէր մտածո՞ւմ: Հետևանքների մասին չէր մտածո՞ւմ: Վստահ ենք, որ գրեթե բոլոր մանրամասնություններին էլ տեղյակ է եղել:
Ինչպես նախօրեին վկայեց Աշոտ Ղուլ յանը, Արցախում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունն ու Շահրամանյանի նախագահ դառնալն էլ առանց պաշտոնական Երևանի գիտության ու տեղեկացվածության չեն եղել: Ու ընդհանրապես, Փաշինյանն ու իր իշխանությունը, բնականաբար, ամեն ինչի մասին էլ տեղեկացված են եղել: Նախապես... Այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, օրինակ՝ այն մասին, որ Թուրքիան որոշակի «խողովակներով» Փաշինյանին ու նրա իշխանությանը տեղեկացրել է Արցախի հայության դեմ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին: Մի խոսքով՝ այո, հարցեր կան: Բայց հարցեր կան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նրանք շատ հարցերի պետք է պատասխանեն: Արցախի կորստի մասին, 2020-ի պատերազմի, հազարավոր զոհերի, էլ ավելի շատ՝ հաշմվածների, նաև՝ անհայտ կորածների, Արցախը աղետի մատնելու և Հայաստանի Հանրապետությունը գոյութենական սպառնալիքների տակ դնելու մասին:
Հնարավոր է՝ անվանապես շատ պատասխանատուներ կան, բայց առաջին ու գլխավոր պատասխան տվողը, պատասխանատվության ենթական Նիկոլ Փաշինյանն է ու իր ՔՊ-ն: Իրենք են եղել իշխանությունը, ու իրենք պիտի տան բոլոր հարցերի պատասխանը: Վաղ թե ուշ... Սա՛ է հիմնական հարցը, այլ ոչ թե այն, թե Ռուբեն Վարդանյանն ի՞նչ էր «կորցրել» Արցախում, ինչո՞ւ այսպես կամ այնպես վարվեց, առավել ևս՝ ինչո՞ւ էր փորձում Բերձորի միջանցքով դուրս գալ: Իհարկե, գուցե հարցեր կան նաև Արցախի նախկին ղեկավարներին, որոնք գերության մեջ են: Բայց այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ այն բանից հետո, երբ նրանք բարեհաջող վերադառնան Հայաստան: Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն: Թե՞ ձեռնտու չէ նրանց շուտափույթ վերադարձը... Իսկ գերության մեջ հայտնված մարդկանց թիկունքից հարվածելը՝ իմանալով, որ պատասխան չես ստանալու, թերթին ոչ հարիր որակումների շարքից է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում