27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ «Ժողովուրդ»


27 հազար դոլար բանկային հաշվի մնացորդ, 32 մլն դրամ վարկ, հիփոթեք. ի՞նչ է հայտարարագրել Լիլիթ Մակունցը․ «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 3 09:03 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը 2018 թվականի հեղափոխությունից հետո նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար, որին հաջորդեց ԱԺ պատգամավորի պաշտոնը: Նա իր հաշվետու տարվա հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 16-ին, որում անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի ներկայացրել:

Լիլիթ Մակունցի՝ հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 4 մլն 78 հազար դրամ, ինչը տարվա վերջում նվազել է՝ դառնալով 3 մլն 918 հազար դրամ, իսկ մյուս փոխառությունը կազմել է 29 մլն 613 հազար դրամ եւ տարվա վերջում դարձել է 28 մլն 850 հազար դրամ:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում կազմել է 15 հազար դոլար՝ տարվա վերջում վերածվելով 27 հազար դոլարի, իսկ մյուս հաշվի մնացորդը 794 հազար դրամից նվազել է՝ կազմելով 395 հազար դրամ: Հաշվետու տարվա նրա եկամուտը եղել է 23 մլն 128 հազար դրամ, ինչը արտաքին գործերի նախարարությունից ստացված գումարն է: Լիլիթ Մակունցի ստացված վարկերի մայր գումարը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32 մլն 768 հազար դրամ, որից 28 մլն 850 հազար դրամը բնակարանի հիփոթեքի գումարն է:

Հետաքրքիրն այն է, որ Լիլիթ Մակունցը հայտարարագրում չի նշել որեւէ անշարժ գույք, սակայն նա նույն հայտարարագրում նշել է, որ հաշվետու տարվա վերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ իր բնակարանի հիփոթեքի մայր գումարը կազմել է 28 մլն 850 հազար դրամ:

Հիշեցնենք, նաեւ որ Լիլիթ Մակունցը եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում