Իմ վարորդն է հավի մսի որոշ մասն աղբանոցում պահել, նրան գործից ազատեցի․ ընկերության տնօրենը՝ աղբանոցում ոչնչացված հավի միսը հողի տակից հանելու մասին


Իմ վարորդն է հավի մսի որոշ մասն աղբանոցում պահել, նրան գործից ազատեցի․ ընկերության տնօրենը՝ աղբանոցում ոչնչացված հավի միսը հողի տակից հանելու մասին
Օգոստոս 9 17:00 2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ 13 հազար 500 կգ հավի միսը ոչնչացնելու որոշում է կայացվել թաղման եղանակով, սակայն «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք։
Hayastan.news-ը «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության պատկանող ռեստորաններից մեկից փորձեց ճշտել՝ արդյոք իրացվել է այդ միսը։ Ընկերության տնօրեն Մարտիկ Անդրասյանն ասաց, որ զայրացած է, նման բան տեղի չի ունեցել։

-ՊԵԿ-ը պաշտոնական աղբյուր է, հայտնում է՝ թաղած միսը հայտնաբերվել է պահեստում, ինչպե՞ս։


-Նախ ես նոր տեսա, զայրացել եմ, եղելությունն այլ է․ հավի լաբորատորիայում մտցրեցին ջրի ցուցանիշ․ նախկինում ջրի ցուցանիշը չէին ստուգում, հիմա ԵԱՏՄ որոշման համաձայն՝ նորմ է սահմանվել, որ թռչնի մսի մեջ խոնավություն էլ պետք է ստուգվի։ Ուրեմն, երբ այդ նորմը սահմանվեց, մենք բոլորս հավաքվեցինք՝ անցած տարի, և գնացինք Էկոնոմիկայի նախարարություն, դիմեցինք Վահան Քերոբյանին, հայտնելով, որ այն նորմը չի կաչող պահպահնվել։ Տասը դիմում ենք ներկայացրել Վահան Քերոբյանին, մանտանշել ենք Վրաստանի օրինակը, հետո դիմել ենք վարչապետին, 4,2 տոկոս խոնավություն են ուզում,  էդ հինգ մի քանի լիտր ջրի համար, որի առկայությունը նախկինում պարտադիր չէր, 50000 դոլար տանում, լցնում են հողի տակ, ոչ մանրէ է, ոչ բակտերիա։


-Ինչպես հասկացա՝ Ձեր պահանջները՝ նորմը փոխելու վերաբերյալ, չի բավարավել, դիմել եք, ԵԱՏՄ նորմ է՝ չի փոխվել, և շարունակե՞լ եք ներկրել։


-Ապրիլի 4-ից մինչև հիմա մի 150 անգամ զանգահարել ենք, որ գլխացավանք չլինի, տանեն ոչնչացնեն էս միսը, միևնույն է, դրական պատասխան չենք ստանալու։


-Պատասխանը չեք ստացել, 13,5 տոննայի հետ կապված, ինչո՞ւ է աղբանոցից հանվել ոչնչացված միսը։


-Նախ այդ թիվը սխալ է, 14 տոննա 412 կգ պետք է լինի, դա էլ մաքսային տեսուչի թվերն է։ Այդ միսը բարձում ենք երկու «Կամազ» մակնիշի բեռնատար, իրենք ուղեկցում են, տանում աղբանոց, և մի հատ էլ ևս բարձում ենք «ԶԻԼ» մեքենան, կրկին իրենց ներկայությամբ։ Մի 350-400կգ բարձում ենք «ԶԻԼ»-ը, որ տանի, թափի։ Վարորդը տանում է նույն աղբանոցում դատարկում է մի այլ վայրում և մնացածը տանում ու թափում է այն հատվածում, որտեղ կանգնած են մաքսայինի աշխատակիցները։ Տեսնում են, որ պակաս է, զանգում են մեզ, թե 500-600 արկղ պակաս է; Ասում ենք՝ «Զիլ»-ի մեջ էդքան չի տեղավորվի, թիվ ասեք՝ իմանանք, թե որքանն է պակաս։ Զանգում ենք «ԶԻԼ»-ի վարորդին, ասում ենք՝ ապրանքը պակաս է։ Վարորդն էլ ասում է՝ մի քանի արկղ դատարկել է հողի վրա, որ հետո տանի շների համար։ Ինչևէ, փաստաբանիս ասում եմ, գնա՝ հաղորդում տուր, որ ապրանքը պակաս է, որպեսզի ստիպենք վարորդը պակաս միսը բերի և փաստաբանս այդպել էլ արել է։ Ժամը 20։30-ի սահմաններում վարորդը վերցնում է մեքենան ու պակաս միսն աղբանոցից բերում է էստեղ։ Նստել եմ, սպասել, որ ապրանքը բերի, տեսնեմ, դնեմ պահեստ ու գնամ։ Այդ ամենը ամենաշատը տևել է մեկ ժամ։ Տարածը բերել է, դրել ենք պահեստ ու դուրս ենք եկել։

 

-Հատուկ ընթացակարգի՞ համար է, որ դրել եք պահեստում և չեք տարել աղբավայր։


-Այո, մաքսային մարմինը պետք է ներկա լիներ։ Ժամը տասին մաքսայինից 30 հոգի է եկել, բացել են ամբողջ պահեստները, ստուգել են, մենք էլ ասել ենք, որ վարորդն է տարել, հաղորդում ենք տվել և այլն։ Հաջորդ օրը հայտնել ենք, որ վարորդի տարածը վերականգնվել է։ Հաջորդ օրը բացատրություն վերցրեցին, վարորդին ձերբակալեցին երեք օրով։


-Վարորդը Ձեր մշտական աշխատակի՞ցն է, թե պարզապես գործարքային աշխատող։


-Չէ, իմ վարորդն է, ես էլ ազատեցի գործից, մի քիչ էլ խղճի բանով եմ ասում, կինը հաշմանդամություն ունի, և այլն, բայց ազատեցի, ասի՝ գնա, այլ գործ գտի։


-Իսկ այս դեպքում, եթե ամեն ինչ Ձեր ասածի պես է, ինչո՞ւ են հողի հետքեր գտել պահեստից, փորձանմուշներ են վերցվել, տրակտոր է գնացել, քանդել, հանել։


-Այդ զիբիլանոցում սաղ զիբիլ է, որ թափել է միսը, մի քիչ վրան հող է լցրել, ասեմ՝ իմանաք, հող է լցրել, որ հետո տանի։ Ես այնքան բաներ եմ արել, ուղղակի չեմ ասում՝ սկսած պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին օգնություն տալուց, մինչև պրոթեզների գումարներ, պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներ և այլն։


-Հասկանալի է, դա այս վարույթի հետ առնչություն չունի, եթե Դուք այդ ամենն անում եք, դրա համար այլ գնահատանքի եք արժանանում, բայց սա այլ պատմություն է։


-Չէ, ես ցանկանում եմ ասել, որ վարորդի վերցրած մսի գումարը 1 մլն 300 հզր դրամ է, ես այդ գումարի համար հողը չէի փորելու։


-Իսկ որքան արժե ամբողջ ոչնչացվածը։


-Մոտ 11,3 մլն։


-Դուք նաև ասացիք, որ նոր նորմը՝ ջրի չափաբաժնի վերաբերյալ, նախորդ տարի է մտել ուժի մեջ։ Դուք նախորդ տարվանից սկսած այդ պահանջված չափանիշը ապահովե՞լ եք, թե՞ ոչ։


-Մեկ տոննային 100 դոլար ավելի գումար ենք վճարում, որպեսզի ջրի քանակը մեկ կգ թռչնի մսի մեջ կազմի 3,5%:


-Այսինքն՝ չեք ապահովել, սահմանված նորմը չի պահպանվել։


-Չէ, չորս տոկոս չի կազմում։


-Հիմա քանի՞ տոննա թռչնի միս կա ոչնչացման ենթակա։


-100 տոննա ունենք մինչև 2025-ի մարտի 4-ը պետք է ուղարկենք Վրաստան։ Դադարեցնում ենք ներկրումը, մեկ-երկու ամսից գները կբարձրանա, հստակ որոշում է, 10-12 կոնտեյներ ունենք, տեղ են հասնելու ու վերջ։