Կոռուպցիոն սկանդալ Արտաշատում․ ուր է հասնում շղթան և ովքեր են կալանավորված


Կոռուպցիոն սկանդալ Արտաշատում․ ուր է հասնում շղթան և ովքեր են կալանավորված
Օգոստոս 1 18:15 2024

Արտաշատ համայնքում կոռուպցիոն գործով 5 անձ է կալանավորվել։ Այս մասին Irakanum.am–ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Կառույցից ասացին, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։

«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են»,- հայտնեցին կառույցից։

Մեր ունեցած տեղեկություններով քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև Արտաշատի համայնքապետարանի մի խումբ պաշտոնյաներ։ Irakanum.am–ի աղբյուրների փոխացմամբ կոռուպցիոն շղթան ընդլայնվում է և վաղը նոր մանրամասներ հայտնի կդառնան։ Չի բացառվում, որ ձերբակալություններ լինեն, այս անգամ արդեն համայնքապետարանի աշխատակիցների շրջանում։

Նշենք, որ Արտաշատի համայնքապետը ՔՊ–ական Կառլեն Մկրտչյանն է։