Դատապարտյալների էքստերն քննություններ․ փիառ և զուտ ձևական բնույթի միջոցառումներ․ «Հրապարակ»


Դատապարտյալների էքստերն քննություններ․ փիառ և զուտ ձևական բնույթի միջոցառումներ․ «Հրապարակ»
Հուլիս 27 09:29 2024

«Հրապարակը» գրում է․ «Երեկ արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» եւ «Սեւան» ՔԿՀ-ներում տեղի են ունեցել դատապարտյալների էքստերն՝ 2-րդ քննաշրջանի պետական եւ ավարտական քննություններ։ Մասնակցել է 3 տասնյակից ավելի դատապարտյալ։ Ըստ էության, սա փիառ միջոցառում էր, որը պետք է ցույց տար, թե ինչ մարդասեր նախարար ունենք։ Իրականությունն այլ է։


Նախարարության կազմում գործում է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ, որը դատապարտյալների համար «գեղագիտական դաստիարակության եւ կրթական ծրագրեր» է իրականացնում, վերջիններս էլ մասնակցում են` հույսով, որ սովորելը կդիտվի որպես օրինակելի վարք, եւ կհեշտանա իրենց ճանապարհը դեպի ազատություն, պահման ռեժիմի մեղմացում կլինի։ Սակայն իրականում նրանց կյանքում ոչինչ չի փոխվում։ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի` դատապարտյալներին ավելի մեղմ ռեժիմի տեղափոխելու վերաբերյալ դրույթները չեն գործում։

Դատապարտյալների անվտանգային գոտին փոխելու հարցով դատավարությունները զուտ ձեւական բնույթի են։ Ռեժիմի մեղմացման նրանց պահանջները հիմնականում մերժվում են, եւ ոչ մի բան՝ էքստերն քննությունից գերազանց ստանալ, գրքեր կարդալ, սպորտային միջոցառումներին եւ բանտային արվեստի ցուցահանդեսներին մասնակցություն, նրանց չի օգնում։»։