Ոստիկանությունը 25 օրում 515 430 արձանագրություն չի կազմել․ տարածված լուրը սխալ է


Ոստիկանությունը 25 օրում 515 430 արձանագրություն չի կազմել․ տարածված լուրը սխալ է
Հուլիս 26 08:22 2024

Տարածված պնդումը, թե Պարեկային ծառայությունը 25 օրում 515 430 արձանագրություն է կազմել, սխալ է: Իրականում այդքան արձանագրություն կազմվել է ոչ թե 25 օրում, այլ յոթ ամսվա ընթացքում: Armday.am–ը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն արել է, առանց ճշտումների, ինչը ավելի ուշ հերքվել է։ Մասնավորապես այս հրապարակումից հետո Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքեց այդ տեղեկությունը: Նա հայտնեց, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից մինչև հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ յոթ ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այդ մասին գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, հայտնելով, որ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515.430 արձանագրություն է կազմել:

 
 

 

«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին հայտնում են պարեկային ծառայության կազմակերպման վարչությունից:

Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89.921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44.320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10.408-ը՝ ոչ սթափ վարելու, 14.869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով:

 

Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13.066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15.352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով:

Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22.328 արձանագրություն է կազմվել, եւս 11.275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով:

Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17.595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, եւս 274.846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է հրապարակել, որ պարեկները նախկին ճանապարհային տեսուչների նման դարանակալում են, սպասում վարորդ «զոհին», բռնում ու տուգանում: Կարճ ասած՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ» է, իսկ ՔՊ-ականները, պաշտոնյաները՝ անձեռնմխելի: Նրանցից շատերի մեքենաները, օրինակ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ այլ պատգամավորների, ունեն օպերատիվ համարանիշներ, որոնք պարեկները չեն կանգնեցնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

 

Armday.am–ը ներողություն է խնդրում ընթերցողներից, սխալ տեղեկատվությունը տարածելուն նպաստելուն և կատարում է փոփոխություններ։