Ինչու ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել. «Հրապարակ»


Ինչու ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե չի կարող անցկացվել. «Հրապարակ»
Հուլիս 23 09:32 2024

«Հրապարակ» թերթը գրում է. 

« Նիկոլ Փաշինյանն ու իր սատելիտ ուժերը լրջորեն սկսել են նախապատրաստվել առաջիկա ընտրություններին․ կլինեն դրանք արտահերթ, թե հերթական, դեռեւս հայտնի չէ: Դա հատկապես վերաբերում է արեւմտամետներին՝ ի դեմս Արամ Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ այլոց, որոնք երեկ տվեցին ոչ պաշտոնական  նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ին անդամակցության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար սկսում են 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել, որ դիմեն խորհրդարանին՝ հանրաքվե նշանակելու համար։ 

Այս հարցը, հիշեցնենք, օրակարգ են բերել շաբաթներ առաջ, ՔՊ-ն թեպետ չխոչընդոտեց, որ Ազգային ժողովում լսումներ անցկացնեն այս թեմայով, սակայն դրանից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե չի լինի։ Վարչապետը, որ դեռեւս անցած տարի էր հայտարարել դեպի Եվրամիություն գնալու ցանկության մասին, այդ մերժումը հիմնավորեց այսպես. «Եվրամիությունն ուզո՞ւմ ա դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունն ինչքանո՞վ ա պատրաստ. էդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ էսօր։ Ոչ, չեմ կարող տալ»։

Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որ երեկ քաղաքական համախոհների հետ Երեւանի Եվրոպայի հրապարակում միջոցառում էր կազմակերպել, որ ավետեր Եվրամիությանն ինտեգրման օրակարգն առաջ մղելու վճռականության մասին, հայտարարեց, որ եթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Եվրամիության անդամ երկրների այլ առաջնորդներ տեսնեն, որ Հայաստանի 50 հազար քաղաքացու ցանկությունն է` գնալ դեպի ԵՄ, ապա նրանց մոտ բան կփոխվի, Հայաստանին առավել վստահելի գործընկեր կհամարեն:

«Իսկ դուք կարծում եք, որ եթե Էմանուել Մակրոնին զեկուցեն, որ 50 հազար մարդ ստորագրել է ԵՄ անդամ դառնալու համար, դրանից բան չի՞ փոխվի: Ես համոզված եմ, որ դրանից վստահությունը հայ ժողովրդի հանդեպ եւ Հայաստանի հանդեպ կփոխվի, որովհետեւ էդ իշխանությունները կսկսեն մտածել․ անկախ նրանից՝ էնտեղ իշխանություն Նիկոլ Փաշինյանն է, «Քաղաքացիական պայմանագիրն» է, թե այլ ուժ կգա, ժողովուրդը դեպի Եվրոպա է ուղղված»,- հայտարարեց Սարգսյանը: Ավելին` նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը չի մերժել հանրաքվեի անցկացման առաջարկը։ «ՀՀ վարչապետը չի մերժել ուղիղ, նա «ոչ» չի ասել, բայց «այո» էլ չի ասել»,- խորիմաստ միտք արտահայտեց Վազգեն Սարգսյանի եղբայրը։

Մենք գրել ենք, որ արեւմտամետների` հանրաքվե անելու նախաձեռնությունը եւ այս թեման թեժացնելն իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունք է: ՔՊ-ն փորձում է ուժեղացնել իր դաշնակից ուժերին, բարձրացնել նրանց վարկանիշը, որ առաջիկա ընտրությունների արդյունքներով ոչ թե ռուսամետ ուժերը հաղթեն, այլ իրենց աջակից արեւմտամետները, որոնց օգտագործելով՝ կրկին կկարողանան վերցնել իշխանությունը երկրում։ Սակայն իշխանության որոշ շրջանակներ վտանգներ են տեսնում արեւմտամետների այս ակտիվությունից, նրանց հաշվարկով` արեւմտամետները հենց իրենց էլեկտորատի ձայներն են խլելու, քանի որ նրանք էլ են վերջին տարիներին ընդգծված հակառուսական գծի մեջ: Բայց քանի որ ստացվում է՝ իրենք մերժում են ԵՄ-ին անդամակցության օրակարգը, ուրեմն հնարավոր է արեւմտամետ կոչվածներն իրենց չափ ձայն տանեն՝ հաշվի առնելով հանրության տրամադրվածությունը Ռուսաստանի դեմ։ Ուստի վերջին ժամանակներում ակտիվ քննարկել են՝ ինչպես մերժել Արեւմուտք գնալու հանրաքվեն, որ ո՛չ իրենց գրպանային ընդդիմությանը վնասեն, ո՛չ էլ իրենք իրենց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, եթե, այդուհանդերձ, 50 հազար ստորագրությամբ հանրաքվեի կողմնակիցները մտնեն խորհրդարան, իշխանությունը նրանց հետ իրավական հարթությունում է կռիվ մղելու։ ՔՊ-ում արեւմտամետներին մերժումը հնարավոր է հիմնավորեն հետեւյալով, որ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է՝ երբ եւ ինչ հարցերի վերաբերյալ է հնարավոր հանրաքվեն, իսկ ԵՄ-ին անդամակցության հարցը նման որեւէ կատեգորիայում չի տեղավորվում։

Մասնավորապես, օրենքի 4-րդ հոդվածն է նախատեսում, թե որ հարցերն են դրվում հանրաքվեի, դրանք են` Սահմանադրության ընդունումը եւ փոփոխությունը, պարտադիր հանրաքվեի միջոցով են լուծվում նաեւ վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության, երկրի տարածքային փոփոխությանը վերաբերող հարցերը: Հանրաքվեի կարող են դրվել նաեւ Սահմանադրության այն հոդվածները, որոնց փոփոխություններն Ազգային ժողովը մերժել է, ինչպես նաեւ՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումն Ազգային ժողովը մերժել է: 

Արամ Սարգսյանն ու համախոհները փորձում են իրենց նախաձեռնությունը տեղավորել վերջին կետում՝ քաղաքացիական նախաձեռնության կարգում, սակայն ԵՄ-ին անդամակցությունը, ըստ իշխանականների, օրենքի նախագիծ չէ, եւ նման նախաձեռնություն կարող են կյանքի կոչել միայն օրենքի խախտմամբ։ 

Իհարկե, այս խորհրդարանում ավելի վատ ձեւով էլ են ոտնահարել օրենքներն ու Սահմանադրությունը եւ հակաօրինական նախաձեռնություններ են կյանքի կոչել, ինչպես Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցը, որն արվեց խորհրդարանում: Սակայն չմոռանանք, որ դրանք միշտ բխել են իշխանությունների շահից։ Հիմա իրենք` իշխանությունները, լավ չեն կողմնորոշվում, թե որն է իրենց շահը: Այսինքն` իշխանությունը պահելու համար ո՞ւր գնան` Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։