«Բարեփոխում». սպառազինության վարչությունը ԳՇ-ից ՊՆ-ին է անցել Կառավարության որոշումից դուրս․ 168.am


«Բարեփոխում». սպառազինության վարչությունը ԳՇ-ից ՊՆ-ին է անցել Կառավարության որոշումից դուրս․ 168.am
Հուլիս 20 16:47 2024

168.am. 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունը Պաշտպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու որոշում էր կայացրել, որտեղ կառուցվածքային որոշակի փոփոխություններ էին սահմանվել: Մասնավորապես, նշվում է՝

– կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինն անվանափոխվում է կազմակերպավերլուծական բաժնի.

– կապիտալ շինարարության վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության.

– նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը բաժանվում է` ստեղծելով թիկունքային ապահովման վարչությունը, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը և զինվորական ներկայացուցչությունների բաժինը.

– կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվում են երկու նոր կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ռազմագիտակրթական քաղաքականության վարչությունը և քաղաքացիական անձնակազմի կառավարման վարչությունը: Այդ կապակցությամբ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունն անվանափոխվում է կադրային քաղաքականության գլխավոր վարչության.

– ռազմական վերահսկողական ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվում է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ ներքին քննությունների վարչությունը.

 

 

d
դ
դ

168.amը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից ՀՀ պաշտպանության նախարարության անմիջական ենթակայությանն են անցել մի քանի վարչություն.

ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչություն- ՀՀ ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության

– ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչություն- ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչություն

– ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն- ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայություն սպառազինության վարչության անցման որոշման մեջ մենք, մասնավորապես, Գլխավոր շտաբը թուլացնելու միտում էինք տեսել։

Եվ հիմա ՀՀ պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության կանոնադրական գործառույթների՝ ըստ բովանդակության կառուցվածքային ստորաբաժանումների միջև բաշխումը օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում:

Այսինքն, որոշման նախագծի համաձայն՝ հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը, մասնավորապես՝ կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապա­տասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդա­կության:

«Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի՝ ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինն անվանափոխվում է կազմակերպավերլուծական բաժնի:

Կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը գործերի կառավարչությունից առանձնացման եղանակով պետք է ստեղծվեր՝ համաձայն ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի N1084-Լ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որը, սակայն, չի կիրարկվել: Ստացվում է, որ կոլեգիայի աշխատանքների կազմակերպման և վերլուծության բաժինը դեռևս չստեղծված՝ անվանափոխվել է:

Համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի՝ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը բաժանվում է՝ ստեղծելով թիկունքային ապահովման վարչությունը, սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը և զինվորական ներկայացուցչությունների բաժինը:

Ներկայումս թիկունքային ապահովման վարչությունը և սպառազինության և տեխնիկական ապահովման վարչությունը ստեղծվել են ոչ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության բաժանման արդյունքում, այլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի համանուն վարչությունները ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում ընդգրկելու հաշվին՝ նպատակ ունենալով նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթները (գնումների պատվիրատուի փաստաթղթերի ուսումնասիրում և մասնագիտական կարծիքի տրամադրում, միջազգային ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում գնման փաստաթղթերի ձևակերպում, մաքսային փաստաթղթերի ձևակերպում, բաժնեմասերի կառավարում) վերաբաշխել ՀՀ պաշտպանության նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների միջև, որի վերաբերյալ կարգավորումները չեն սահմանվել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N1825-Լ որոշմամբ»,- նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Նշենք, որ, ըստ ՊՆ կայքի, իր գործունեությունը շարունակող ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ:

Իսկ ինչպես վերևում հիշատակված մեր հոդվածում էինք նշել, ՀՀ ԶՈՒ ԳՇ ուղիղ ենթակայությունից ՊՆ ուղիղ ենթակայություն է անցել սպառազինության վարչությունը:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խախտում է իր իսկ ընդունած որոշումը:

Այսպես էլ 44-օրյա պատերազմն են կառավարել, եթե, իհարկե, կառավարում եղել է առհասարակ:

Իսկ առջևում, ինչպես կարելի է ենթադրել, ՊՆ-ում նոր վարչություններ և բաժիններ են ստեղծվելու, թե ինչպես, կարելի է միայն ենթադրել: