ՔՊ-ն սաբոտաժ է անում կոռուպցիայի դեմ պայքարը․ «Հրապարակ»


ՔՊ-ն սաբոտաժ է անում կոռուպցիայի դեմ պայքարը․ «Հրապարակ»
Հուլիս 12 09:47 2024

«Հրապարակ» թերթը գրում է. Երեկ՝ առավոտ կանուխ, 9.30-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար առաջադրված եւ Մրցութային խորհրդի հավանությանն արժանացած երկու թեկնածուների հետ, լսել ու քննել նրանց։ Իսկ երեկոյան բուռն քննարկում են ունեցել՝ ընտրե՞լ առաջադրված թեկնածուներին հանձնաժողովի անդամների պաշտոնում, թե՞, այնուամենայնիվ, սպասել, որ «խելքը գլխին» մարդիկ առաջադրվեն։

Հիշեցնենք․ անցած տարեվերջին հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ ՔՊ-ականների ցուցադրական արշավից եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրան չընտրելուց հետո, այս թափուր պաշտոններում տեւական ամիսներ որեւէ պրոֆեսիոնալ եւ պաշտոնի համար ներկայացվող պահանջներին բավարարող թեկնածու չէր առաջադրվում: Իսկ թափուր պաշտոնները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երկուսն էին` հանձնաժողովի նախագահի եւ անդամի: Հայկուհի Հարությունյանին մերժելու արդյունքում ՔՊ-ն հընթացս չընտրեց նաեւ այդ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանին, նրանց ընտրությունը նույն օրն էր։ ՔՊ-ականները, դժգոհելով Հարությունյանի կայացրած որոշումներից, հրապարակայնորեն հասկացրին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեպետ սահմանադրորեն անկախ կառույց է, բայց պետք է գործի իրենց հովանու ներքո, պարի իրենց նվագի տակ եւ չհամարձակվի վարույթներ հարուցել պատգամավորների ու նրանց մերձավորների դեմ՝ հիմք ընդունելով ներկայացված հայտարարագրերը։

Արդյունքում` կես տարուց ավելի է, ինչ այս կարեւոր կառույցը չունի նախագահ, մեկ անդամի տեղն էլ թափուր է: Պարբերաբար մրցույթ էր հայտարարվում, սակայն դիմողներ, ըստ որոշ տեղեկությունների, չէին լինում կամ էլ լինում էին, բայց ոչ պաշտոնին համապատասխան, ուստի հանձնաժողովն այդպես էլ չէր համալրվում: Տեղեկություններ կային, որ շատ իրավաբաններ, հավակնորդներ, աչքի առաջ ունենալով Հայկուհի Հարությունյանի հետ կատարվածը, չէին ցանկանում հայտնվել ՔՊ-ի թիրախում, դրա համար էլ չէին առաջադրվում։
Սակայն մոտ երկու ամիս առաջ՝ հունիսի 7-ին, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի գլխավորած Մրցութային խորհուրդը, վերջապես, չորրորդ փորձից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամության 2 թեկնածուի ընտրեց, որպեսզի ներկայացնի ԱԺ ընտրությանը: Մեկը հանձնաժողովի վարչության նույն՝ իրենց կողմից տարեվերջին «մերժված» պետն է՝ Նարինե Ավետիսյանը, երկրորդ թեկնածուն Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ անդամ, իրավաբան Վաղարշ Աղաբեկյանն է։

Սակայն պարզվում է, որ ՔՊ-ականները թեկնածուների հետ առանձին-առանձին հանդիպելուց հետո անհարմար դրության մեջ են հայտնվել: Մեզ պատմեցին, որ «մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը» սկզբունքով սկսել են քննարկել, թե ինչքան անհեռատես գտնվեցին՝ մերժելով Հայկուհի Հարությունյանին, քանի որ առաջադրված թեկնածուները մեկը մյուսից վատն են։ ՔՊ-ականների մոտ շոկ է առաջացրել հատկապես Դանիել Իոաննիսյանի գաղափարակցի պահվածքը: Այդ երիտասարդ իրավաբանն այնպիսի չարդարացված ինքնավստահություն է դրսեւորել, որ ներկաներն ապշել են: Մոտավորապես հայտարարել է, թե ՔՊ-ին պատիվ է բերելու իրեն այդ պաշտոնում ընտրելը, քանի որ ինքն ունի առաքինի վարք, անբասիր կենսագրություն, արդարամիտ է եւ այլն, եւ այլն։ 

Ի դեպ, հանդիպմանը մասնակցել են մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք մեծամասնությանը փոխանցելով իրենց տպավորությունները՝ միանշանակ դեմ են արտահայտվել Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությանը՝ ասելով, թե նման ոչ պրոֆեսիոնալ ու մեծամիտ մարդկանց պետք չէ դարձնել իրենց վերակացու: Փոխարենը՝ դրական տպավորություններ են ունեցել Նարինե Ավետիսյանի մասին, սակայն վերջինիս դեպքում էլ խանգարել է նախկին մերժումը․ ՔՊ-ում համարել են, որ եթե հիմա ընտրեն Ավետիսյանին, կնշանակի «թքածը լիզել», ուստի որոշել են բոյկոտել քվեարկությունը: Արդյունքում երկու թեկնածուն էլ չընտրվեցին հանձնաժողովի անդամի պաշտոնում, եւ հանձնաժողովը կրկին չհամալրվեց։ ՔՊ-ի այս բոյկոտն այլ պատճառներ էլ ունի․ իշխող ուժը հնարավորինս ձգտում է հանձնաժողովն անգլուխ թողել, հատկապես որ առանձնապես ուժեղ կադրեր չկան, եւ երբեմն հանձնաժողովի աշխատանքում քվորումի խնդիրներ են առաջանում։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ իբր թե պատերազմ հայտարարած իշխանականներն ամեն ինչ անում են, որ կոռուպցիան կանխարգելող հանձնաժողովը չհամալրվի եւ լիարժեք չաշխատի։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում