«Իմ քայլը» հիմնադրամի անավարտ բարեգործությունը. Hetq.am


«Իմ քայլը» հիմնադրամի անավարտ բարեգործությունը. Hetq.am
Հուլիս 11 22:19 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամի առաջին կրթամշակութային ծրագրերում նաև մարզերի մշակույթի տներն էին ընդգրկված։ 2020թ․ մարտին հիմնադրամը հրապարակեց «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի 10 ընտրյալների անունները։ Շահառուները մարզերի այն մշակույթի տներն էին, որոնք անհամեմատ բարվոք շենքային պայմաններ ունեն և ակտիվ գործունեություն են իրականացնում։

 

Ընտրված մշակույթի տների աշխատակազմը խանդավառված էր, ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին անում, որ «մեծ փոփոխությունների» ակնկալիք ունեն։ «Թե ինչ հրաշալի նորություններ են սպասվում մեր համայնքի մշակութային կյանքում, կտեսնեք շուտով»,- գրել էր Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում։

 

Հաջորդական գրառումներով շարունակել են ոգևորել բնակիչներին․ «Ծրագրի շրջանակներում մշակույթի տանը սպասվում են բազմաթիվ փոփոխություններ` խմբակների, միջոցառումների, նորագույն տեխնիկայի, ինչպես նաև վերանորոգման աշխատանքներ ․․․»։

 

Հիմնադրամը կազմակերպել է 10 մշակույթի տան աշխատակիցների այցը Մաչանանց տուն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն, «Էօն/aeon» ժամանցի կենտրոն, Ազգային պատկերասրահում Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցադրությունն են դիտել և այլն: Նաև փոխադարձ այցեր են կազմակերպվել մշակույթի տներ՝ միմյանց գործունեությանը ծանոթանալու նպատակով։

2019թ․-ին մեկնարկած այս բարեգործական ծրագիրն իրականացվելու էր երկու բաղադրիչով․ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնում են, որ առաջին բաղադրիչը՝ մարդկային և տեխնիկական կարողությունների զարգացում, ամբողջությամբ իրականացրել են։ Տասը մշակույթի տների համար ճանաչողական այցեր ու հանդիպումներ են կազմակերպել, արդյունավետ աշխատելու հմտություններ սովորեցրել և այլն։

Հետո պատերազմ սկսվեց․ տնօրեններին տեղեկացրել են, որ մշակույթի տներում նախատեսված վերանորոգման աշխատանքները չեն իրականացվելու։ «Իմ քայլը» հիմնադրամից «Հետքին» հայտնում են, որ 2020թ․ հոկտեմբերի 28–ին և նոյեմբերի 20–ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում էր կայացրել վերանայել գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ ջանքերն ուղղելով երկրում ստեղծված հրատապ կարիքների բավարարմանը և սառեցրել է ընթացիկ ծրագրերի ամբողջ ծավալով կատարումը։

Ծրագրի երկրորդ բաղադրիչով հինգ մշակույթի տներում սանհանգույցների և երիտասարդական սենյակների վերանորոգում էր նախատեսվում։ 140 մլն դրամով վերանորոգման աշխատանքներ պետք է իրականացվեին Օշականի մշակույթի պալատի, Մրգաշատի, Մեղրաձորի, Բերդի մշակույթի տներում, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում։ Իրականացման ժամկետ էր սահմանվել 2021թ․ սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի վերջը։

«Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի բյուջեն 175 մլն դրամ էր, որից 35 մլն-ով մարզերի 8 մշակույթի տների համար տեխնիկա պետք է գնեին՝ Մրգաշատ, Արթիկ, Մեղրաձոր, Գանձաքար, Լճաշեն, Բերդ, Ստեփանավան և Օշական։

Հիմնադրամը 2021թ․-ի հաշվետվության մեջ նշել է, որ 37 մլն 500 հազար դրամի տեխնիկա է տրամադրվել 9 մշակույթի տների՝ համակարգիչներ, տպիչներ, պրոյեկտորներ և էկրաններ, ձայնային տեխնիկա։ Իններորդը՝ Վայոց ձորի Խաչիկ գյուղի մշակույթի տունն է, որը նախապես ընդգրկված չի եղել ծրագրի այդ բաղադրիչում։ Հիմնադրամը շնորհակալություն է հայտնել «Վեգա» ընկերությանը Խաչիկ գյուղի մշակույթի տանը «Վեգա» խանութների ցանցից ձայնա և տեսատեխնիկա տրամադրելու համար:

«Իմ քայլը» հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը տեղեկացնում է, որ մշակույթի տների վերանորոգման աշխատանքներին հատկացված միջոցները վերաբաշխվել են 44–օրյա պատերազմի հետևանքները մեղմելուն ուղղված նախաձեռնություններին։ Հիմնադրամի ողջ ռեսուրսն ուղղվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։

Դ․ Մկրտչյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլն իրականացվել է ամբողջությամբ, իսկ երկրորդ փուլը՝ մասամբ։ Մասամբ ասելով, հավանաբար,  նկատի ունեն, որ մշակույթի տան երիտասարդական սենյակները վերանորոգելու համար դիզայն էին պատվիրել։ Մշակույթի տների ֆեյսբուքյան էջերի գրառումներից նկատելի է, որ նրանք ամենից շատ վերանորոգման աշխատանքներին են սպասել։ Մեկ տարի շարունակ բնակիչներին ոգևորել են գալիք հաջողություններով, իսկ հետո չեն տեղեկացրել, որ այդ մասը չի իրականացվելու։

Վերանորոգման աշխատանքներից հրաժարվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը նախագիծն ու հանգանակություն կազմակերպելու համար նկարահանված տեսահոլովակը տրամադրել է մշակույթի տան տնօրեններին, որպեսզի անձամբ զբաղվեն ֆոնդահայթայթմամբ։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: