Վարորդը կամ քնած է եղել, կամ ինֆարկտ ստացել, փրկվածներից մեկն է օգնություն կանչել. Գորայքի վարչական ղեկավար


Վարորդը կամ քնած է եղել, կամ ինֆարկտ ստացել, փրկվածներից մեկն է օգնություն կանչել. Գորայքի վարչական ղեկավար
Հուլիս 11 16:11 2024

Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի հետ կապված որոշ մանրամասներ է հայտնել:

«Կա՛մ վարորդը քնած է եղել, կա՛մ ինֆարկտ է ստացել, կա՛մ էլ շատ արագ է եղել, բայց եթե դիտարկում ենք նաև այն վարկածը, թե կարող է հանդիպակաց մեքենա է դուրս եկել դիմացը, փորձել է շրջանցել, բայց արգելակման հետքեր չկան։ Այլ վարկած չկա»,- ասում է նա։

 

Նրա խոսքով՝ ճանապարհը ուղիղ է եղել․ «Ո՛չ քանդված է, ո՛չ էլ ջուր կար, որ, ասենք, կարող է մեքենան սահել է»:

Ըստ Պետրոսյանի՝ բոլոր զինծառայողները զորացրվել են Մեղրի համայնքից և տաքսիով տուն վերադառնալիս են եղել։ Վթարի հետևանքով 6 զինծառայողներից միայն մեկի վիճակն է բավարար եղել, որն էլ կարողացել է իջնել մեքենայից, ձորից դուրս գալ ու առաջին օգնություն կանչել՝ կանգնեցնելով մեքենաներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:

Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։