Կառավարության մոտ հավաքվել են արցախցիներ, որոնց հարազատներն անհետ կորել են 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ բենզինի պահեստի պայթյունից հետո։
«Ունենք 21 անհետ կորած։ Դիմել ենք տարբեր կազմակերպություններ, ՄԱԿ, ԵՄ, Հայաստանի ՄԻՊ-ին, Արցախի իշխանություններին, Հյաստանում ՌԴ դեսպանությանը, Հայաստանի կառավարությանը, ոչ մի տեղից դրական, բացասական պատասխան չեն տվել, կարծես ոչ մեկ չի ուզում զբաղվել այդ հարցով, բոլորի համար միևնույնն է, որ կան անհետ կորածներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի կինը։
Նա պատմեց, որ անհետ համարվող արցախցիներից Կարենը հոկտեմբերի 7-ին Շուշիից զանգել է իր ընկերուհուն. «Այդ փաստը ներկայացվել է Կարմիր խաչ, ԱԱԾ։ Փաստացի մինչև օրս որևէ տեղեկություն չկա. ոչ թե չեն կարողանում գտնել, այլ չեն ուզում բացահայտել այդ զանգը։
Մենք հիմա օդից կախված ենք, վստահ ենք, որ մեր հարազատները ողջ են, հիմա գտնվում են ադրբեջանցու ձեռքի տակ։ Պահանջում ենք՝ գտնեն ու բերեն»։
Նա ասաց, որ 21 անհետ կորածների հարազատները ԴՆԹ թեստ են հանձնել, որևէ համընկնում չի եղել, իսկ պայթյունի տարածքում որևէ մասունք մնացած չի եղել։
«Հետևություն՝ նրանք ողջ են։ Շատ մարդիկ են տեսել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մարդիկ տարել տեղանքից։ Ասում են, տեսել են՝ վիրավորներին տարել են ռուսական բազայի տարածք բուժելու նպատակով, հետո մեծ մեքենաներով նրանց տարել են։
Վստահ ենք՝ իրենք կան, ողջ են, սպասում ենք, որ թեկուզ մեկ ամսից, մեկ տարուց վերադառնան, թեկուզ մեկ ոտքով կամ մեկ ձեռքով»,- ասաց արցախցի կինը։