Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 42-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է ճամփեզրի ծառերին․ կա վիրավոր


Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 42-ամյա վարորդը «Volkswagen»-ով բախվել է ճամփեզրի ծառերին․ կա վիրավոր
Հուլիս 9 10:34 2024

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Վերին Ծաղկավան-Բերդ ճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում 42-ամյա Դավիթ Ադյանը իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի, գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում նույն վաշտի պարեկներ Շավարշ Մաճկալյանն ու Նվեր Գալստյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։