Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբատար 8 մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են


Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված աղբատար 8 մեքենաներից 4-ն արդեն Հայաստանում են
Հուլիս 8 10:45 2024

Երևանի քաղաքապետարանը 8 նոր աղբատար մեքենա է գնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։

«Նոր գնված 8 աղբատար մեքենայից 4-ն արդեն Հայաստանում են: Այս պահին դրանք արդեն տեխզննում են անցնում, փաստաթղթավորվում են»,– նշեց Կատվալյանը։ Գործընթացների ավարտից հետո շահագործման կհանձնվեն։

Ըստ նրա` մյուս 4 աղբատար մեքենաները Հայաստանում կլինեն 1 շաբաթից։

Կատվալյանը հավելեց, որ հիմնարկի վարչական շրջանների հավաքարարների և բանվորների համազգեստի համար մրցույթ է հայտարարվել։ Հուլիսի 15-ին մրցույթի բացումն է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հետաքրքրվեց` արդյոք աղբատարների համար գնված շարժիչները նույնպես Հայաստանում են, ինչին ի պատասխան ԵԱՍՄ տնօրենը հայտնեց` 9–ից 2-ը մատակարարվել է, մնացածը կմատակարարվեն հաջորդ շաբաթ։

Հիշեցնենք` հունիսի 24-ին Սաշա Կատվալյանը հայտարարեց, որ աղբահանությունը պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով տեխնիկա պետք է ձեռք բերի. 8 մեքենա և 9 շարժիչի լրակազմ պետք է գնեն։