Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ)


Ծորակից ժանգաջուր է հոսում. ահազանգ (տեսանյութ)
Հուլիս 5 15:06 2024

 

Hraparak.am-ը գրել է.

««Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակիչների խնդիրները չեն դադարում։ «Հրապարակ»-ը հերթական ագազանգն է ստացել բնակիչներից` վեց ամիս է ծորակից ժանգաջուր է հոսում։ Երիտասարդական ավանն արդեն կես տարի է` բնակեցված է, բայց անորոշ է ջրի որակի ու անվտանգության հարցը։ Խնդիրը սրվում է հատկապես ջրանջատումներից հետո։ Ինչպես երևում է տեսանյութում, ծորակից ժանգաջուր է հոսում։ 

Բնակիչներն անգամ սեփական միջոցներով ջրի մաքրման անհատական ֆիլտրեր են տեղադրել բնակարաններում, բայց դա էլ չի փրկում։ Լուսանկարում պատկերվածը հերթական ջրանջատումից հետո ջրի ֆիլտրի տեսքն է` ամբողջությամբ ժանգի մեջ կորած։ 

Խնդրի մասին տեղյակ է Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն, բայց, քանի որ բնակիչները դեռ անհատական բաժանորդ չեն, ընկերությունից ոչինչ պահանջել չեն կարող։ Ըստ Վեոլիայի, իրենք մաքուր ջուր են մատակարարում, խնդիրը, հավանաբար, առաջանում է ներքին ցանցում։ Ի դեպ, համակարգը ընկերությունը դեռ չի ընդունել իր հաշվեկշռում։ Թե որն է պատճառը, բնակիչներին հայտնի չէ։ Կառուցապատողն էլ իր հերթին պնդում է, թե ներքին ցանցում որևէ խնդիր չկա։ 

Իրավասու մարմիններից բնակիչները պահանջում են ուսումնասիրել  թաղամասի ջրամատակարարման խողովակներն ու պոմպակայանը, գտնել և վերացնել ստեղծված խնդիրը, ինչպես նաև երաշխավորել, որ ջրի որակը համապատասխանում է առողջապահության նախարարի 2.1.4.001-23 հրամանով սահմանված  «Մարդու սպառման համար նախատեսված ջրի որակին ներկայացվող պահանջներ»-ի  սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմատիվներին։ 

Թաղամասը դեռ ամբողջությամբ բնակեցված  չէ, մի շարք այլ խնդիրների թվում շատերը սպասում են նաև այս խնդրի լուծմանը»: