Monument Watch-ը ահազանգում է․ «Վերջին շրջանում Ադրբեջանը նպատակային արշավ է սկսել ՀՀ սուվերեն տարածքի դեմ և զանազան մշակութային միջոցառումներով փորձում է «լեգիտիմացնել» տարածքային նկրտումներն ու հայկական մշակութային ժառանգության յուրացման գործընթացին նոր ուղղություններ տալ՝ թիրախավորելով ոչ նյութական ժառանգությունը։ Այդպիսի միջոցառումներից մեկը 2024 թվականի հունիսի 21-ից 22-ը Նախիջևանում անցկացված ազգագրական փառատոն-համագումարն էր, որը կրում էր «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր Ադրբեջանի և Նախիջևանի նախագահների, Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքի կողմից։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակն է աջակցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությանը՝ վերականգնելու իրենց հայրենիքից հեռացած ադրբեջանցիների «պատմական իրավունքները»։ Փառատոնի «գիտական» քննարկումներում ներգրավված են եղել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, Բաքվի պետական համալսարանը, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիան, Բաքվի ճարտարագիտական համալսարանը: Նպատակը՝ ապահովել գիտակրթական հանրույթի աջակցությունը «հինավուրց հայրենիք»՝ Արևմտյան Ադրբեջան վերադառնալու գործընթացին։ Հիշեցնենք, որ նման մեկ այլ փառատոն էլ անցկացվել է 2023 թվականի նոյեմբերին՝ կրելով նույն խորագիրն ու հայկական ժառանգությունը յուրացնելուի նույն նպատակը։ Մեր արձագանքը Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը ՀՀ սուվերեն տարածքի, հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ «Արևմտյան Ադրբեջան» կողծ եզրույթի շահարկումների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ մեր կայքի մյուս հոդվածներում՝ Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության ոչնչացման կանխման առաջարկով, «Երևանը, Սևանն ու Սյունիքը Ադրբեջանը հռչակում է որպես «ադրբեջանական ժառանգություն»։ |