SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 21-ին, զենք-զինամթերքի ինքնակամ հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք, որը թողել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի տարածքում չգործող քարի հանքի մոտ գտնվող դոմիկի անկյունում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները Շենիկ գյուղի սկզբնամասում չգործող քարի հանքի տարածքում գտնվող վագոն-տնակի անկյունում հայտնաբերել են պոլիէթիլենային 3 պարկեր, որոնցից 2-ի մեջ երևացել է ինքնաձիգի փող:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարկերում հայտնաբերել են 1 հատ «ԱԿ-74» տիպի 1986թ. արտադրության 5.45մմ տրամաչափի, 1 հատ «ԱԿ-74» առանց տարեթվի 5.45մմ տրամաչափի ինքնաձիգ, 665 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, որոնցից 526-ը 7.62մմ տրամաչափի, իսկ 139-ը 5.45մմ տրամաչափի, 3 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, 1 հատ պայթեցման սարք ԿՊՄ-3, 46 հատ կապսուլ դետոնատոր, 10 հատ ՈՒԶՌԳ նռնակի պայթուցիչ, 1 հատ 043 ՊԶ պայթեցման սարք, 4 փաթաթան հրահաղորդ փողեր, 17 հատ ամոնիտե պայթագլանակներ, 8 հատ ՈՒԶՌԳՄ պայթուցիչ, 1 հատ Ջ-1 պայթուցիչ, 5 հատ Ջ-1 նռնակ,1 հատ Ֆ-1 տիպի նռնակ, 1 հատ ՌԳԴ-5, 1 հատ ՌԳ-42, և 1 պարկ վառոդանման պարունակությամբ: